Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 ծանր վիրավոր
shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Վարդան Ղեվոնդյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՏD 456 համարանիշի և Երևանի բնակիչ Սասուն Ավագյանի վարած բեռնատար Volvo մակնիշի 382 ՏQ 58 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` 2-ը Հրազդանի, 2-ը` Սևանի բժշկական կենտրոններ: Հիվանդանոց տեղափոխվածներից 1 հոգի մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Վարդան Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: