Առեղծվածային մահ Կոտայքի մարզում. 66-ամյա տղամարդու մարմնի վրա կան ծեծի հետքեր
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մենդիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմանաքարերի արտադրամասին կից շինությունում տղամարդու դի կա: Նշված վայր է մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շինությունում, մահճակալին հայտնաբերել են ոչ մի տեղ գրանցում չունեցող, 66-ամյա Սամվել Մելիքսեթյանի դին: Դատաբժշի նախնական եզրակացության համաձայն՝ երեսի և մարմնի վրա կան ծեծի հետքեր: Ոստիկաններն ու քննչական բաժինն ունեն տեղեկություններ, որ մինչև մահանալը մի քանի օր առաջ Ս. Մելիքսեթյանը ծեծի է ենթարկվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Աղբյուրը` http://shamshyan.com/hy/article/2016/01/07/74282/