Տարին լարված էր, քանի որ հակառակորդը կիրառում էր ծանր զինատեսակ. Դավիթ Բաբայանը՝ անցնող տարվա մասի
2015 թվականն Արցախի համար, ընդհանուր առմամբ, բարդ տարի էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ամենամեծ բարդությունն ու դժվարությունն այն էր, որ անդառնալի կորուստներ եղան:
«Հայրենիքը պաշտպանելիս զոհեր ունեցանք: Դա բոլորիս համար ողբերգություն էր, քանի որ յուրաքանչյուր զինվորի կորուստ ընդունում ենք որպես անձնական կորուստ: Տարին լարված էր, քանի որ հակառակորդը կիրառում էր ծանր զինատեսակ` խախտելով զինադադարի ռեժիմը»,-նշեց մամուլի խոսնակը:
Որպես տարվա դժվարություն ու անհաջողություն Դավիթ Բաբայանը նշեց նաև Գյումրիում Ավետիսյանների սպանությունը, ինչպես նաև Սիրիայում հայերի հետ տեղի ունեցած մի շարք դժվարություններ:
«Մյուս կողմից էլ, իհարկե՛, եղել է նաև ձեռքբերումների տարի: Շարունակվել է պետականաշինության գործընթացը: Բանակի մարտունակությունն է բարձրացել, հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգությունները հետ են շպրտվել: Արցախի տնտեսությունը նախնական կանխատեսումների հիման վրա, կարելի է ասել, որ ՀՆԱ-ն մոտ 9% աճ է ունենալու, ինչը կարևոր ձեռքբերում է»,-նկատեց Դավիթ Բաբայանը:
Շարունակելով ամփոփել անցնող տարին` Դավիթ Բաբայանն ասաց. «2015 թվականի ընթացքում Արցախում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ինչի արդյունքում առաջին անգամ ձևավորվեց պրոֆեսիոնալ խորհրդարան»:
Այս փաստն, ըստ Դավիթ Բաբայանի, պետականաշինության գործընթացում կարևոր ձեռքբերում է. «Թեև դրանով բոլոր հարցերը չեն լուծվում, այդուամենայնիվ, այն շատ կարևոր քայլ է: Սպորտի, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում նույնպես շոշափելի հաջողություններ ունեցանք»:
Ինչ վերաբերում է Արցախի միջազգային ճանաչմանը, Դավիթ Բաբայանն ասաց, թե ընդհանրապես վերջին տարիներին այդ գործընթացը լայն թափ է ստացել:
2016 թվականից էլ ակնկալիքները համեստ են՝ նախևառաջ՝ խաղաղություն. «Աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսին են, որ հակառակորդն, ըստ երևույթին, շարունակելու է իր ստոր քայլերը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանում իրավիճակը բարդանում է, հետևաբար ներքին լարվածությունը շեղելու համար նրանք դիմելու են սահմանային լարվածությանը: Պատրաստ ենք ըստ ամենայնի շարունակել պետության զարգացումը: Հուսով ենք, որ կարող ենք ավարտին հասցնել Սոթք-Մարտակերտ մայրուղին, որը կարևոր է, ռազմավարական մեծ նշանակություն ունի»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց նաև, թե 2016 թվականի ընթացքում կտոնվի Արցախի Հանրապետության կազմավորման, անկախության 25-ամյակը:
Աղբյուրը` tert.am