Արտակարգ իրավիճակ Արզնի ձորում. Հրազդան գետում հայտնաբերվել են մեծ քանակի սատկած…
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի գյուղում գտնվող «Դրախտիկ» հանգստյան տան հարևանությամբ հոսող Հրազդան գետում մեծ թվով սատկած ձկներ կան: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ՀՀ ՏԿԱԻՆ ներկայացուցիչները: Տեղում են նաև Նաիրիի տարածաշրջանի որսորդ-միության նախագահ Խաչիկ Գալստյանը և տեսուչ Արթուր Մկրտչյանը, ովքեր քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ թույլ չեն տալիս, որպեսզի նրանք գետում հայտնված մեծաքանակ սատկած ձկները տանեն տուն, քանի որ չի բացառվում, որ դրանք թունավորված լինեն: Տեղում գյուղացիներն ասում էին նաև, որ 5 տարի առաջ էլ է նման դեպք տեղի ունեցել և այն ժամանակ էլ պարզել էին, որ ինչ-որ անձինք թունավորել են գետը, ինչն էլ պատճառ էր դարձել ձկների զանգվածային ոչնչացման: Փորձաքննությամբ պետք է պարզվի ձկների սատկելու պատճառը, իսկ ըստ գյուղացիների՝ ձկները կողակ են և կարմրախայտ: Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ում կարգադրությամբ մարզպետարանի բնապահպանության տեսչության աշխատակիցները ժամանում են դեպքի վայր: Մինչև այս պահը բնապահպանության նախարարության ոչ մի ներկայացուցիչ չի ժամանել, իսկ թե երբ կբարեհաճեն, դեռևս հստակ չէ: Չի բացառվում՝ նյութի հրապարակումից հետո, ինչպես «վայել է» նրանց, «մի լավաշ» հերքում ուղարկեն, թե իբրև իրենք տեղյակ չեն կատարվածից:
Աղբյուրը` http://shamshyan.com