«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաճումը լայնամասշտաբ ռազմական բախումների՝ կբոցավառի ամբողջ Կովկասը, ինչը չի կարելի թույլ տալ». Բորդյուժա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաճումը լայնամասշտաբ ռազմական բախումների՝ կբոցավառի ամբողջ Կովկասը, ինչը չի կարելի թույլ տալ: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք մեծ տագնապով ենք հետեւում, թե այսօր ինչ է տեղի ունենում Կովկասում, հատկապես ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, շփման գծում, որտեղ արդեն կիրառվում են ծանր սպառազինություններ, տանկեր, կան մարդկային կորուստներ»,- ասել է Բորդյուժան:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի, որպեսզի թույլ չտրվի իրադրության ապակայունացում, որպեսզի բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախումների:

«Այսօր դա շատ սարսափելի հեռանկար է, որովհետեւ կբոցավառվի ամբողջ Կովկասը»,- ասել է Բորդյուժան:

Նա նշել է, թե հարկավոր է նախ եւ առաջ քաղաքական մեթոդներով, այդ թվում՝ օգտագործելով պետությունների ղեկավարների հեղինակությունը, թույլ չտալ իրադրության հետագա բարդացում: «Ընդհակառակը, հարկավոր է հանդարտեցնել իրադրությունը, դադարեցնել գնդակոծումները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ծանր զենքի կիրառմամբ»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա նաեւ նշել է, որ 2016 թվականին Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ-ի երկրների հատուկ նշանակության ուժերի լայնամասշտաբ վարժանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

 

Աղբյուրը`http://nyut.am/