Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները կընդլայնվեն. ռուս պաշտոնյա
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ-ի ձեռնարկելիք նոր միջոցների մասին ի պատասխան Թուրքիայի կողմից ոչ բարեկամական գործողությունների։ Այդ մասին պատմել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։
«Կլինեն նաև հաջորդող գործողություններ, որոնց մասին կհայտարարվի, կառավարության ղեկավարն արդեն ներկայացրել է դրանք նիստերի ժամանակ: Մենք հետևողականորեն կշարժվենք այդ ուղով»,- նշել է փոխվարչապետը:
Միևնույն ժամանակ, Դվորկովիչը նշել է, որ կառավարությունը չունի Թուրքիայի հետ համագործակցությունից ամբողջությամբ հրաժարվելու խնդիր:
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ադեկվատ պատասխան տալ ոչ բարեկամական գործողություններին»,- նշել է փոխվարչապետը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Աղբյուրը`http://www.tert.am/