Փոքր խանութներից մինչև սուպերմարկետներ՝ քաղաքացիներին ժամկետանց, կասկածելի փաթեթավորմամբ ապրանքներ են հանդիպել. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախատոնական օրերին պարենային և ոչ պարենային ապրանքների թանկանալը մեր երկրում, կարծես, ավանդույթ է դարձել: Քաղաքացիները շեշտում են, որ գնաճն էականորեն նկատվում է տեղական արտադրանքների վրա:
Սակայն խնդրահարույց են ոչ միայն ապրանքների բարձր գները, այլև դրանց որակը: Փոքր խանութներից մինչև սուպերմարկետներ՝ քաղաքացիներին անորակ, ժամկետանց, կասկածելի փաթեթավորմամբ ապրանքներ են հանդիպել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ևս քաղաքացիներից մի շարք ահազանգեր է ստացել:
Դրանք հիմնականում կապված են եղել փողոցային առտևրի հակասանիտարական վիճակների, համապատասխան ջերմային պայմանների չպահպանման հետ: Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ օրինախախտումները այս տարի համատարած բնույթ են կրում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավոր պատճառը պետական վերահսկողության բացակայությունն է:
Առավել վատ է վիճակը ոչ պարենային ապրանքների շուկայում: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ից մինչ օրս էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը դե յուրե չի գործում, քանի որ նշանակված չէ տեսչական մարմնի ղեկավարը: Սա նշանակում է, որ ոչ պարենային ապրանքները, օրինակ՝ խաղալիքները, ճայթրուկները, որոնք կարող են անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնել, վերահսկողությունից դուրս են մնացել»:
Աղբյուրը` http://armlur.am/465620/