«Մինչև չհիմնավորվի` չեմ ստորագրի». վարչապետը Արմավիրի մարզպետարանին չի պատրաստվում միլիոններ տալ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի դժգոհությունը հարուցեց մի նախագիծ, որով առաջարկվում էր Արմավիրի մարզպետարանին հատկացնել շուրջ 10 միլիոն դրամ:

Ներկայացնելով նախագիծը նշվեց, որ լրացուցիչ 10 մլն դրամ է անհրաժեշտ Արմավիրի մարզպետարանում 2015 թվականի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսի համար:

Նշվեց նաև, որ «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով մրցույթների արդյունքով առաջացած 8 մլն 400 հազար դրամ տնտեսված գումարի հաշվին հնարավոր կլինի մարել ծախսված էլեկտրաէներգիայի պարտքը: Սակայն վարչապետը չհամաձայնեց կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի գումարը էլեկտրաէներգիայի ծախսին ուղղել:

«Խոսքը 300-500 հազար դրամի մասին չէ, խոսքը 10 միլիոնի մասին է, ինչո՞ւ հիմնավորում չկա, թե ինչի համար են լրացուցիչ օգտագործել: Մինչև հիմնավորում չներկայացվի՝  չեմ ստորագրի»,- հայտարարեց վարչապետը:

 

 

Աղբյուրը` http://www.panorama.am/