Բնապահպանության նախարար. Ոռոգման ջրի վերաբերյալ Գառնու բնակիչների անհանգստությունն անհասկանալի է
Հայաստանի Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչների ահազանգերն ու անհանգստությունը ջրի պոմպահեռացման վերաբերյալ մի քիչ անհասկանալի են: Բնապահպանության նախարարությունը այստեղ ոչ մի խնդիր չի տեսնում: Այդ մասին դեկտեմբերի 23-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նախարարը հիշեցրել է, որ ժամանակին լսումներ են իրականացվել Գառնու շրջակա միջավայրի փորձաքննության հետ կապված: «Առաջին լսումն անցկացրել է գյուղը, երկրորդը` Բնապահպանության նախարարությունը: Մենք որեւէ բացասական երեւույթ չենք նկատել: Մենք համայնքի դրական եզրակացությունն ունենք այն մասին, որ իրենք համաձայն են, որ այդ տարածքից ջուրն ուղղորդվի համապատասխան վայր: Եվ մենք օրինական թույլտվություն ենք տրամադրել», — նշել է Արամայիս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Գառնի գյուղի հարյուրավոր բնակիչներ փակել են գյուղ տանող հիմնական ճանապարհը եւ իշխանություններից պահանջել են չեղյալ համարել ընդունված որոշումը, որով նախատեսվում է ջուրն ուղղել դեպի Արարատի շրջանի մի շարք համայնքներ: Գառնու բնակիչներն ասում են, թե ջուրն ուղղում են Արարատի մարզ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այգիները ջրելու:
Աղբյուրը` Լուրեր Հայաստանից — NEWS.am