Կուտակային վճարի չափն ու պետության համաֆինանսավորումը 2015թ. ավելի քան 15 միլիարդ դրամ է
Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցում ու ակտիվ վճարում է կատարում շուրջ 130 հազար քաղաքացի: 2015թ. ընթացքում համակարգին միացել է 58 հազար 845 մարդ: Այս մասին դեկտեմբերի 23-ին կայացած ասուլիսում հայտնեց «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ընկերության տնօրեն Վահան Ստեփանյանը: «2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ կուտակային վճարի չափը՝ սոցիալական վճարները և պետության համաֆինանսավորումը կազմել է 15 միլիարդ 200 միլիոն 686 հազար 679 դրամ: Պետության կողմից հատկացված վճարների չափը 2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմել է 7 միլիարդ 612 միլիոն 349 հազար 423 դրամ: 60 հազար 291 քաղաքացու մասնաբաժինները մարվել են, մասնակիցներին վերադարձված գումարը կազմում է 2 միլիարդ 225 միլիոն 211 հազար դրամ»,- ընդգծեց Ստեփանյանը:
Վահան Ստեփանյանը ներկայացրեց նաև 2015թ. ընթացքում կուտակային կենսաթոշակային համակարգում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, մասնավորապես՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կենսաթոշակային վճարների վերադարձը, այս տարվա հուլիսից ուժի մեջ մտած նոր գործառույթները, ինչպես նաև կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացումը: «Օրենքով նախատեսված կենսաթոշակային վճարների վերադարձի գործընթացի շրջանակներում համապատախսան դիմում ներկայացրած 60 հազար 291 մասնակիցների հաշիվներում իրականացվել է փայերի մարում, որի արդյունքում ձևավորված դրամական միջոցները փոխանցվել են մասնակիցների դիմումներում նշված հաշվեհամարներին: Առկա են եղել ոչ լիարժեք տվյալներով կամ այլ անձանց անուններով բացված բանկային հաշիվներ, որոնց ուղղված միջոցները բանկերի կողմից վերադարձվել են դեպոզիտարիա: Դեպոզիտարիան ձեռնարկել է մի շարք միջոցներ, որպեսզի կապ հաստատի նշված մասնակիցների հետ՝ հաշվեհամարի փոփոխության նպատակով: Այնուհանդերձ, 159 մասնակցի միջոցներ հնարավոր չի եղել ուղարկել այս մասնակիցների դիմումներում նշված հաշվեհամարներին: Նշված միջոցները փոխանցվել են «Կոնվերսբանկ»-ում բացված հատուկ հաշվին, որտեղից մասնակիցները կարող են կանխիկ եղանակով ստանալ իրենց միջոցները: 37 մասնակից արդեն իսկ ստացել է իր միջոցները»,- մանրամասնեց Ստեփանյանը:
Նա հավելեց, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել փայերի փոխանակման, ժառանգման և կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում կուտակային միջոցների ստացման գործառույթները: «Նշենք, որ արդեն իսկ առկա են փայերի ժառանգման մի քանի դեպքեր, իսկ օրենքի նոր խմբագրությամբ թույլատրվում է ժառանգման միջոցներն ամբողջ չափով մարել և փոխանցել ժառանգորդի նշած հաշվեհամարին»,- ասաց Ստեփանյանը:
Օրենքով սահմանված կարգով Դեպոզիտարիան պարտավոր է համակարգին միացած մասնակիցներին ներկայացնել կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն՝ հաշվետու առաջին տարվա համար: 2015թ. առաջին անգամ նշված հաշվետվությունը ներկայացվել է 165 հազար 79 մասնակիցների: Գործառույթն իրականացվելու է ամեն տարի և հաջորդ տարի նույնպես տարեկան հաշվետվությունները կուղակվեն այն մասնակիցներին, որոնք միացել են համակարգին այս տարվա ընթացքում: Մասնակիցներն իրավունք ունեն ընտրել հաշվետվության ստացման եղանակը՝ էլեկտրոնային կամ թղթային: «Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը՝ հասցեների անճշտության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով մասնակիցներին խորհուրդ ենք տալիս լրացնել համապատասխան դիմում և հաշվետվությունը ստանալ էլեկտրոնային ձևով»,- եզրափակեց Ստեփանյանը:
Աղբյուրը` http://orer.am/?p=158146&l=am