Ոսկեպարում ականի պայթյունից վիրավորված քաղաքացիները մտել են արգելված գոտի

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում դեկտեմբերի 18-ի առավոտյան ականի պայթյունի հետևանքով վիրավորված բնակիչներից մեկը գտնվում է Նոյեմբերյանի, մյուսը` Իջևանի բժշկական կենտրոնում: Իջևանի ԲԿ-ում գտնվող քաղաքացու ձախ ոտքը և ձեռքն ամպուտացվել են: Այս մասին տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նարեկ Վանեսյանը: Նրա փոխանցմամբ՝ տվյալ անձը հիվանդանոց է բերվել ձախ ոտքն ամբողջովին ջնջխված վիճակում, որտեղ էլ բժշիկները ստիպված անդամահատել են ոտքի թաթը  և  ձախ ձեռքը` նախաբազկի միջին երրորդականից:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացու վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ ականի պայթյունից վնասվել է նրա ստորին վերջույթներից մեկը:

Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին՝ ժամը մոտ 10:30-ին: Պայթյունը տեղի է ունեցել Ոսկեպարի 7-րդ դարի հին եկեղեցու տարածքում` դեպի գետը տանող ճանապարհին, որը ցանկապատված է փշալարերով: «Տուժածները հարևան գյուղի բնակիչներ են, ովքեր արգելված գոտի են մտել շինարարության համար ավազ հանելու նպատակով»,- հայտնեց գյուղապետը: Նրա խոսքով` թե´ Ոսկեպարի և թե´ հարևան բնակավայրերի բնակիչները լավ գիտեն, որ փշալարերից այն կողմ գտնվող տարածքն ականապատված է. նախկինում մի քանի դեպքեր են եղել , երբ ան ասուններ են պայթել:

Նախնական տվյալներով` ականի պայթյունից տուժած քաղաքացիները 50 անց տղամարդիկ են եղել:

 

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/