Կողոպտել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին. «Հրապարակ»

Երեկ տեղեկացանք, որ օրերս կողոպտել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Նուշիկյան» ասոցիացիայի գրասենյակից գումար են տարել։ Երեկ աշխատակիցները գրասենյակի դուռը հայտնաբերել են բաց, հավանաբար, կողոպուտը եղել է գիշերը։ Տարել են օրվա հասույթը՝ 2 միլիոն դրամից քիչ ավելի գումար։ Կասկածներ կան, որ գողությունն արվել է ասոցիացիայի աշխատակիցներից որևէ մեկի կողմից։ Այժմ քննություն է գնում։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել հենց Գարեգին Նուշիկյանից, սակայն վերջինս հերքեց այն՝ ասելով. «Ինձնից բան չեն գողացել»։ Ավելի ուշ մեզ փոխանցեցին, որ Աժ պատգամավորը կատարվածը հերքել է այն պատճառաբանությամբ, որ անձամբ իրեն չեն կողոպտել, և ինքն էլ ասոցիացիայով անձամբ չի զբաղվում՝ պատգամավորի կարգավիճակը թույլ չի տալիս։ Փաստորեն, գործարարները կրկին դարձել են գողերի թիրախը:

 

 

 

 

 

Աղբյուրը` http://shabat.am/