Նոր «Մետաքսի ճանապարհով» Ռուսաստանը շրջանցող առաջին գնացքը ժամանել է Վրաստան
Նոր «Մետաքսի ճանապարհ» միջազգային նախագծի շրջանակներում Չինաստանից Վրաստան է ժամանել առաջին բեռը։ Ռուսաստանը շրջանցող տարանցիկ գնացքը մոտ ժամանակներս տրանսասիական-կովկասյան տրանսպորտային միջանցքով կշարունակի ճանապարհը դեպի Թուրքիա, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Վրաստանի վարչապետ Իրաքի Ղարիբաշվիլին բեռը դիմավորել է «Թբիլիսի Ցենտրալ» կայարանում։ «Ես ուրախ եմ, որ մեր գնացքը խորհրդանշական կերպով զարդարված է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի եւ ԵՄ դրոշներով։ Մենք կարող ենք աննախադեպ կարճ ժամկետներում՝ 8-10 օրում, բեռներ ընդունել Վրաստանում, իսկ հետո՝ 3-5 օրում, Եվրոպայի տարբեր երկրներում»,- ասել է վարչապետը։
Ղարիբաշվիլին նշել է, որ մինչեւ այս օրը Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումը իրականացվում էր ծովային ճանապարհով, ինչի համար 40 օր էր պետք լինում։ Նրա խոսքով՝ փոխադրումները «Մետաքսի ճանապարհի» երկայնքով տեղակայված երկրների համագործակցության շնորհիվ կդառնան ավելի կարճատեւ եւ էժան։ Խոսքը Ռուսաստանը շրջանցող Ղազախստանով, Ադրբեջանով եւ Վրաստանով անցնող ճանապարհի մասին է։
«Մետաքսի ճանապարհով» շարժվող գնացքը չի անցնում Ռուսաստանի տարածքով, քանի որ Ղազախստանի Աքթաու քաղաքում անցում է կատարում 2014թ. բացված լաստանավային գծանց եւ 12 ժամ հետո հայտնվում է ադրբեջանական Ալյաթ նավահանգստում՝ Կասպից ծովի մյուս կողմում։
Գնացքը Վրաստանում հասնում է մինչեւ Փոթի նավահանգիստ, որտեղից գծանցի միջոցով Սեւ ծովով հայտնվում է Ստամբուլում։
Աղբյուրը` http://news.am/