Ընտանեկան բռնության հարցերով զբաղվող ԱՄՆ փորձագետ-ոստիկաններն այցելում են հայ գործընկերներին

Ս.թ. դեկտեմբերի 11-ին հայ և ամերիկացի իրավապահները՝ այլ պետական պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացրեցին մեկօրյա աշխատանքային քննարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղիների վերաբերյալ, մի խնդիր, որ արդիական է բազմաթիվ ընտանիքների համար Հայաստանում:

«Այն երկրները, որտեղ կանայք ունեն լիարժեք ու հավասար իրավունքներ և հաջողության հասնելու հնարավորություններ, ավելի բարեկեցիկ են ու ավելի խաղաղ, — ասաց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը ողջունելով աշխատանքային քննարկման մասնակիցներին Երևանում, — բռնությունը թույլ չի տալիս, որ քաղաքացիները լիարժեք մասնակցություն ու ներդրում ունենան իրենց ընտանիքի, համայնքի, երկրի ու պետության տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքում»:

ԵԱՀԿ-ի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրության տվյալներով Հայաստանում հարցվածների 60 տոկոսը, հիմնականում՝ կանայք, նշել են, որ կյանքի ընթացքում իրենք նկատմամբ ընտանեկան բռնության առնվազն մեկ ձև կիրառվել է: Քննարկման մասնակիցները դիտարկեցին այն ուղիները, թե ինչպես հասարակության բոլոր օղակները կարող են աշխատել միասին, այդ թիվը կրճատելու նպատակով:

Այն, որ այսքան շատ ակտիվ հայկական գերատեսչություններ ու կազմակերպություններ՝ մեր գործընկերները ՀՀ ոստիկանությունից, քննչական կոմիտեից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակության խմբերից, հավաքվել են այստեղ, նշանակում է և հույս է ներշնչում, որ ընտանեկան բռնության վերացման ուղղությամբ կլինի առաջընթաց», — ասաց փոխդեսպան Փրայսը:

Հայ մասնակիցների հետ միասին միջոցառմանը մասնակցում են երկու ամերիկացի փորձագետներ՝ լեյտենանտ Քելլի ՄքՄահիլը և լեյտենանտ Ջեյմի Պրոսերը, ովքեր աշխատում են Նևադայի նահանգի Լաս Վեգասի ոստիկանությունում: Նրանք Հայաստանում են գտնվում արդեն մեկ շաբաթից ավել, հանդիպումներ են ունեցել տեղի գործընկերների հետ և այցելել են ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցուցաբերող կառույցներ:

Այս մեկօրյա աշխատաժողովը ընտանեկան բռնության դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու հերթական քայլն է: 2014թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ճանաչողական այցով եղել են Սիեթլում և հանդիպում են ունեցել տեղի գործընկերների հետ: 2015թ. ապրիլին ԱՄՆ դեսպանությունն անցկացրեց կարիքների գնահատում՝ընտանեկան բռնության տարրերով հանցանքների հետ կապված Հայաստանի իրավապահ կառույցների ընթացիկ կարողությունների վերաբերյալ : Գնահատումը ակնառու դարձրեց այս աշխատանքներում այլ պետական կառույցների ներգրավման կարևորությունը: Երկրորդ ճանաչողական այցը կազմակերպվեց 2015թ. օգոստոսին, որի շրջանակում Քննչական կոմիտեի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները եղան Լաս Վեգասի ոստիկանությունում:

ԱՄՆ դեսպանությունը՝ իր գործընկերների և ամերիկյան փորձագետների հետ, առաջ շարժվելուն զուգընթաց ուշադրությունը կբևեռի երեք հարցերի. իրազեկման ապահովում և ուսուցումներ այն համայնքներում, որտեղ ձևավորվել են ճգնաժամային կենտրոններ. բազմապրոֆիլ աշխատանքային խմբի ձևավորում՝ ապահովելու միասնական ընթացակարգեր ուղղված ընտանեկան բռնության գործերի քննությամբ զբաղվող գերատեսչությունների հետևողական ու արդյունավետ աշխատանքին. և ուղղորդման մեխանիզմի/կարգի ձևավորում՝ բարելավելու աշխատանքների համակարգումը ընտանեկան բռնության դեմ պայքարում դերակատարում ունեցող կառույցների միջև:

ԱՄՆ դեսպանություն