Գյումրիում սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանները և՞ս քվեարկել են
«Հրապարակ» օրաթերթը դեկտեմբերի 8-ի իր համարում գրել էր, որ երեկ իրենց խմբագրություն է զանգել Գյումրիի ընթերցողներից մեկը և ասել, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են` հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան հունվարին սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության: «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»,- մեջբերել էր թերթը զրուցակցի խոսքը։ «Հրապարակ»-ը գրել էր, որ քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, իրենք հնարավորություն չունեին ստուգել այս տեղեկությունը։
Ոստիկանությունը նշել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամները հանված են Գյումրիի Մյասնիկյան փ. 188 տան հասցեի հաշվառումից` մահվան կապակցությամբ, և նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, նրանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում: