Հայաստանում այսօր սահմանադրական հանրաքվե է

Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն կշարունակվի մինչեւ 20:00-ն, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը:

Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է: Հայաստանի ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ներկայացնելու է այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցածների թիվը։

Համաձայն օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը ոչ աշխատանքային է:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու են 18 տեղական եւ չորս միջազգային կազմակերպություններ, մասնավորապես, ԱՊՀ դիտորդական առաքելությունը (44 դիտորդ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (23 դիտորդ), ԵԽԽՎ-ն (11 դիտորդ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (5 դիտորդ)։ 33 դիտորդներ կլինեն օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից, եւ 7 դիտորդ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանություններից։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

 

 

Աղբյուրը`  http://news.am