Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան օրն է
Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։
Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունների մասին մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։
Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։
Կարճ ժամանակ անց նա հեռանում է հունաց մայր ուսումնարանից ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։
1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։
Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է«Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874 թթ.)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի դրանից, նա հրատարակում է «Թատրոն բարեկամ մանկաց» երկշաբաթաթերթը (1874-1877), նպատակ ունենալով «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկրնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքցի ըլլալ»։
«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։
Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888 թթ.), սակայն թուրքական կառավարությունը մյուս հայ պարբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։
1888 թվականին թուրքական կառավորության կողմից հայ պարբերականների փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը։ Պարոնյանը վախճանվում է 1891 թվականի մայիսի 27-ին Կ․ Պոլսում։