Ազատամարտիկները հայտարարություն տարածեցին
Տիգրան կոչեցյալն իրավապահների ձեռքում է
«Քիչ առաջ մեզ հետ կապվեց քաղաքի վարչության պետ Կարապետյանը, ով տեղեկացրեց, որ Տիգրան կոչեցյալն արդեն իրենց մոտ է: Մեզ հայտնեցին, որ իրավապահ մարմիններին երկու-երեք ժամ է հարկավոր, որպեսզի գտնեն ու ձերբակալեն մյուս հանցագործներին: Բնականաբար, մենք մեր ընկերների միջոցով ու մեր հնարավորության սահմաններում եւս փնտրում ենք մեր մարտական ընկերոջը ծեծի ենթարկած հանցագործներին: Եթե մեզ հաջողվի նրանց առաջինը հայտնաբերել, ապա մենք կվնասազերծենք նրանց, իսկ եթե դա արվի համապատասխան մարմինների կողմից, նույնպես մեր շահերից է բխում:
Պետք է նշեմ, որ մեզ են մոտենում մեր ընկերները շրջաններից, իսկ հետագա գործողությունների վերաբերյալ մենք տեղեկություն կտրամադրենք: Մենք ավելորդ լարվածություն չենք ստեղծում, որ չխանգարենք իրավապահ մարմիններին կատարել իրենց աշխատանքը: Իհարկե, այնպես չէ, որ իրենց հանդեպ վստահության մեծ պաշար ունենք, բայց նաեւ չենք խոչընդոտում իրենց աշխատանքին:
Մենք մոտավոր կասկածներ ունենք հանցագործների ինքնության հետ կապված: Այստեղ ականատեսներ են եղել եւ մենք մարդիկ ենք ուղարկել համապատասխան հասցեներով ճշտումներ կատարելու համար: Երեք ժամվա ընթացքում պարզ կլինեն մեր անելիքները, եթե ամեն ինչ գնա այնպես, որ հասկանանք, որ իրավապահները գործի ընթացքը տանում են փակուղի, ապա մենք ազատ ենք մեր գործողություններում: Ազատամարտիկները, ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ հիմա, ինքնուրույն որոշումներ չեն կայացնում, ամեն հարց քննարկվում է եւ նոր կյանքի կոչվում»: