Եթե ուզում եք խաղաղ ապրել, ուրեմն պատրաստ եղեք պատերազմի.Շմայս
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանը բավական լարված էր: Հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը: Ադրբեջանական կողմը այս անգամ գործի էր դրել ծանր զինտեխնիկա եւ հրետանի: Սահմանամերձ գյուղի բնակիչները կրել էին նյութական մեծ վնասներ: Չնայած ադրբեջանական ոտնձգություններին` հայկական կողմն արժանի հակահարված տալով կարողացել էր զսպաշապիկ հագցնել ազերիներին: Հակառակորդին զսպելու մեջ մեծ դերակատարություն ունեցավ նաեւ Արցախի Պաշտպանության բանակի բավական լուրջ եւ կտրուկ հայտարարությունը, որտեղ հստակ ասված էր, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի գնդակոծել հայկական տարածքները, ապա հայկական կողմին այլեւս ոչինչ հետ չի պահի: Տեղեկացնենք, որ այս պահին վիճակը սահմանին կայուն է եւ վերահսկելի, սակայն արդյո՞ք կրկին հնարավոր չեն կտրուկ զարգացումներ, մեր հարցին պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս). <Ամեն րոպե կարող է պատերազմը վերսկսել, ոչինչ չի բացառվում: Եթե ուզում եք խաղաղ ապրել, ուրեմն պատրաստ եղեք պատերազմի:> Նկատենք, որ թեպետ վիճակը օրեր առաջ գրեթե պատերազմական էր, այնուամենայնիվ միջազգային հանրությունը քարի պես լուռ էր: Հիշեցնենք, որ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների մոտ օրերս տեղի կունենա հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ: