Սեպտեմբերի 16-ին լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորների կյանքը
Շավարշ Վլադիմիրի Կարապետյան 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Կարապետյանն ունի երեք երեխա` երկու դուստր և մեկ որդի։
1974 թ. հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավել ուղևորներ` ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնացնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատեց Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնացնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ` Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասաց իր հայտնի խոսքերը. «Ուղղակի ես ամենից մոտն էի…»։
1976 թ. սեպտեմբերի 16-ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը` օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։