Պատգամավորները կենդանի պատ կկազմեն ոստիկանների եւ ցուցարարների միջեւ
Պատգամավորները կենդանի պատ կկազմեն ոստիկանների եւ ցուցարարների միջեւ
Մինչ Բաղրամյանում հավաքված հանրությունը որոշում է իր հետագա քայլերը ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փածինյանն ու Էդմոն Մարուքյանը Facebook սոցիալական կայքով համախմբման կոչ են անում ԱԺ ներկա եւ նախկին պատգամավորներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին, հոգևորականներին մեկ մարդու պես միանալ բողոքի ակցիային` նպատակը մեկն ` կենդանի պատ կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ .
«Այսօր ժամը 00.45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու համար:
Պատը կազմվում է մեկ նպատակով և մեկ կարգախոսով. բռնությունը պետք է բացառվի, կողմերից որևէ մեկը բռնություն չպետք է կիրառի:
Այս հայտարարությունը անում եմ՝ դերասան Հայկ Մարությանի, դերասան Հովհաննես Ազոյանի, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի, Թևան Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, Էդմոն Մարուքյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Տիգրան Ուրիխանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի, երգահան Եղիշե Պետրոսյանի, հեղինակ-կատարող Վահան Արծրունիի, փաստաբան Հայկ Ալումյանի, լրագրող Արամ Աբրահամյանի, դերասան Աշոտ Ադամյանի, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի, Վիտամին ակումբի անդամներ Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի, Վաչե Թովմասյանի, Արման Խաչատրյանի, Տիգրան Գևորգյանի, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի անունից»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ մինչ այս պահը ակցիայի մասնակիցները չեն որոշել գնալ ՀՀ նախագահի հետ հանդիպմա, թե` ոչ: Ցուցարարների մի հատված համաձայն է գնալ հանդիպման, սակայն միայն ու միայն լրագրողների ներկայությամբ: