ՀՐԱՏԱՊ. Եղվարդում հոսպիտացվել է 51 երեխա
“Լուրեր” լրատվականն արդեն տեղեկացրել է, որ Եղվարդի համար 1 մանկապարտեզում թունավորվել է 51 երեխա: Այսօր՝ նոյեմբերի 29-ին կներկայացնենք հատուկ ռեպորտաժ Եղվարդից: Քիչ առաջ առողջապահության նախարարությունը տարածել է հաղորդագրություն: Այն ներկայացնում ենք առանց խմբագրման.
“Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնագետների հետ: Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28 –ին արձանագրված թունավորման հետեւանքով այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի “Նաիրի” բժշկական կենտրոն, 17-ը` Երեւանի “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում: Երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա: Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները եւս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվել: Թունավորման պատճառները ուսումնասիրվում են: Նախարարը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի “Նաիրի” բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի դեպքերը հոսպիտալացվել են: Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները եւ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Երեխաների առողջական վիճակի եւ հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է եւ գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո”: