Ազատարարի դերում տապալված Ծառուկյանը հանդես կգա բռնարարի դերում

d287036eb941c368985d6e337c74c5b2

Գագիկ Ծառուկյանն ամբողջ թափով լծվել է իր հովանավորյալ Վահագն Գևորգյանի նախընտրական արշավի կազմակերպմանը: ԲՀԿ նախկին նախագահն իհարկե ձախողվեց ՀՀ նախագահ դառնալու իր նախաձեռնության մեջ, բայց հիմա պետք է փորձի հաջողել ինչ որ մեկին քաղաքապետ դարձնելու գործում, որպեսզի հայ հասարակությունը տեսնի և համոզվի Ծառուկյանի հզորության և ամենակարողության մեջ, թեկուզ մեկ առանձին վերցված քաղաքի մասշտաբով:

Ծառուկյանը, որ մինչև փետրվարի 12-ը ֆինանսավորում էր կասկածելի վարկանիշի կուսակցություններ, որոնք զբաղված էին նրա գովքը երգելով, հիմա իր միջոցներն ուղղել է ավելի արդյունավետ նպատակների իրականացմանը. նա սկսել է ասֆալտապատել Աբովյանի փողոցները: Ընդ որում՝ ասֆալտ անող մեքենաների կողքին կանգնած Ծառուկյանի ներկայացուցիչները աբովյանցիներին համոզում են, որ այդ ասֆալտը իրենց համար անում է Վահագն Գևորգյանը: Մի քիչ խելք ունենալու դեպքում դժվար չէ հասկանալ, որ քաղաքապետի թեկնածուն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող ասֆալտապատում կազմակերպել, քանի որ քաղաքի փողոցների բարեկարգումը բացառապես քաղաքապետարանի իրավասությունների ոլորտում է: Այլ խնդիր է, որ Աբովյանն ասֆալտապատվում է այն ժամանակ, երբ այն քաղաքապետ չունի, քանի որ նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվել է մարզպետ: Կարող էր չէ՞ այդ ասֆալտապատումը Գուլոյանի օրոք կազմակերպվել, բայց, հավանաբար, Ծառուկյանն այն ժամանակ փողը ներդնում էր բոլորովին այլ ճանապարհի ասֆալտապատման վրա. դեպի նախագահի աթոռ տանող ճանապարհի:

Ստանձնելով Գևորգյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը՝ Ծառուկյանը իր կողմնակիցների միջոցով փորձում է աշխատել բոլոր պետական կառույցների վրա, որպեսզի աշխատանք ունեցող մարդիկ պարտադրված լինեն իրենց ձայնը տալ իր հովանավորյալին: Դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում և ընդհանրապես բոլոր պետական մարմիններում տոտալ աշխատանք է կատարվում: Կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս է Ծառուկյանին հաջողվում դա անել առանց իշխանության աջակցության: Իշխանությունը ոչ միայն աչք է փակում այս ամենի վրա, այլ, ընդհակառակը, խրախուսում է:

Երկու օր առաջ ՀՀԿ տարածքային կառույցը որոշում է կայացրել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Վահագն Գևորգյանին: Սա առանց ՀՀԿ կենտրոնական գրասենյակի համաձայնության չէր կարող լինել: Երևի հանրապետականները որոշել են, որ պետք չի հանրապետական մակարդակով այս հարցը լուծել, միայն մարզային կառույցի որոշումն էլ բավարար է, որ Աբովյանի շրջակա գյուղերի համայնքապետները լծվեն ընտրարշավի կազմակերպմանը: Իսկ համայնքապետների գործը շատ պարզ է. եթե իրենց համայնքից ինչ որ մեկը հարս է գնացել Աբովյան, գտնել ծնողներին և նրա միջոցով աշխատանք տանել այդ ընտանիքի հետ, որ նրանք դառնան ծառուկյանական թեկնածուի ընտրողը: Կամ եթե Աբովյանից իրենց գյուղ հարս է եկել և պահպանել է Աբովյանի գրանցումը, ապա ընտրության օրը կազմակերպել այդ հարսների տեղափոխումը Աբովյան՝ համապատասխան ընտրատեղամաս, և ապահովել համապատասխան թեկնածուի օգտին քվեարկությունը:

Այս ամենն աշխատանքի մի չնչին մասն է. ամենակարևոր զենքն ընտրակաշառքն է, որը գործի է դրվելու ընտրության վերջին օրը կամ քվեարկության ժամանակ: Այս դեպքում ևս իշխանության և հատկապես ոստիկանության անտարբերությունը կօգնի, որ այդ գործն անխափան կազմակերպվի: Իսկ եթե այս ամենը ևս վճռական ազդեցություն չթողնեն ընտրությունների արդյունքների վրա, ստիպված պետք է լինեն դիմել ընտրակեղծարարության ամենակոշտ տարբերակին՝ ընտրական հանձնաժողովների կողմից ընտրության արդյունքների փոփոխմանը: Իսկ որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ, անկասկած է. նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումներով՝ Ծառուկյանի հովանավորյալ թեկնածուն 20 տոկոսից ավելի չի կարող ստանալ: Ծառուկյանի օժանդակությունը որքան օգնում, նույնքան և խանգարում է, որովհետև աբովյանցիների նյարդերն էլ պողպատից չեն, և նրանք ուզում են օր առաջ ազատվել Ծառուկյանի ազդեցությունից: Աբովյանում նույնիսկ մի կարգախոս կա՝ առայժմ ոչ պաշտոնական. «Առինջցիները թող իրենց գյուղով զբաղվեն, Աբովյանը թող հանգիստ թողնեն»: «Այս ընտրությունները բացառիկ հնարավորություն են քաղաքը Ծառուկյանից ու նրա՝ տասնամյակից ավելի տևող ազդեցությունից ազատելու համար: Բոլորն էլ ուզում են, որ քաղաքը հանգիստ շունչ քաշի, բայց թե ինչքանով դա կհաջողվի, կերևա միայն ընտրություններից հետո»,- ասում են աբովյանցիները:

Մենք, իհարկե, այդքան միամիտ կամ լավատես չենք, որ հավատանք նման հնարավորությանը, բայց հավատը հրաշքների նկատմամբ միշտ հատուկ է եղել մեր հասարակությանը: Իսկ հրաշք իսկապես կա. ընդամենը երեք ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը հանդես էր գալիս ազատարարի դերում, իշխանությունը նրան հնարավորություն է տվել հանդես գալու բռնարարի դերում: Սրանից էլ մեծ հրա՞շք:

 

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1615659.html