Թուրքի գնդակից սպանված մորս դին գետն է տարել
Տիրուն Այվազյանի պատմությունը
1901 թ., Ադանա
Լամարա Տոնոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի՝ Տիրուն Այվազյանի պատմությունը: Նա պատմել է, որ Արդահանի կոտորածների ժամանակ բոլոր տղամարդկանց մորթել են… Կանանց ու երեխաներին հավաքել են մի մեծ սրահում: Նկատելով Տիրունի քրոջ գեղեցկությունը, մի թուրք սպանել է նրա ամուսնուն, իսկ քրոջը տարել իր հետ:
«Տատս պատմում էր.
«Արդահանի կոտորածների ժամանակ բոլոր տղամարդկանց հավաքեցին և հեռացնելով՝ մորթեցին…
Կանանց ու երեխաներին հավաքել էին մի մեծ սրահում: Ես 14 տարեկան էի, իսկ քույրս նոր էր ամուսնացել և շատ գեղեցիկ կին էր: Ամուսնուն թաքցնելու համար գլխաշոր էին կապել և նա կնոջ կողքին էր: Թուրքերը մոտեցան և, նկատելով քրոջս գեղեցկությունը, փորձեցին տանել, ամուսինը մի կողմից էր քաշում, նրանք՝ մյուս: Քաշքշուկի մեջ քրոջս ամուսնու գլխաշորն ընկավ, կատաղած թուրքերը նրան տարան և սպանեցին, քրոջս էլ թուրքը տարավ իրեն կին:
Քույրս իրեն տանող թուրքին խնդրել էր ինձ էլ տանել: Երբ մտան սրահ ու բարձր ասեցին իմ անունը, ես թաքնվեցի մեծերի փեշերի տակ: Քրոջս հայտնել էին, որ ես թաքնվում եմ, և նա անձամբ եկավ ինձ տարավ իր հետ, քանի որ ընտանքից էլ ոչ ոք չկար: Եղբորս ճակատագիրն էլ անհայտ էր:
Քույրս, հասկանալով, որ իր ճակատագիրն էլ հստակ չի, մի օր ինձ ուղղակի տվեց գաղթող կանանց մի խմբի ու ինքը մնաց թուրքի մոտ: Գաղթականների խմբի հետ հասա Թիֆլիս, որոշ ժամանակ անց ես աշխատում էի Վահան Տերյանի քրոջ տանը: Տարիներ անց, երբ ամուսնանում էի Ախալքալաք, Տերյանի քույրն ինձ որպես օժիտ տվեց մի վերմակ:
Տարիներ անց ինձ գտավ եղբայրս: Նա պատմեց, որ կոտորածի ժամանակ փորձել էր փախչել մորս հետ, թռել էին գետը, թուրքերը նկատել էին, կրակել: Երբ եղբայրս անցել էր մյուս ափ, մայրը չէր եղել արդեն, թուրքի գնդակից սպանված մոր դին տարել էր գետը: Երկար դեգերումներից հետո հասել էր Բաթումի: Նա գտել էր նաև մեծ քրոջս, ով հետագայում փախել էր իրեն կին վերցրած թուրքից, սակայն, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, ինքնասպան էր եղել…»:
Տատս երբեք չէր գնում եկեղեցի… նա չէր մոռանում, որ մանուկ տարիներին ոտաբոբիկ էին գնում եկեղեցի, սակայն…»: