Չբարևելու պատճառով վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է քաղաքացի Գ. Սարգսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ տուժած քաղաքացին՝ Գ. Սարգսյանը, 2015թ. հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է իր ծանոթուհու տուն, որտեղ այդ պահին եղել է նաև քաղաքացի Է. Զեյնալյանը։ Միմյանց չբարևելու պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս, գրպանից հանելով դանակը, երկու անգամ հարվածել է Գ. Սարգսյանի կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Է. Զեյնալյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար: