Գյուղից մարդիկ էին անհետանում. Դրսում եղած ոչ մի տղամարդ տուն չէր վերադառնում
Պայծառ Գրիգորյանի պատմությունը
1901թ., Վան
Համասփյուռ Խաչատրյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: 14-ամյա աղջնկաը քույրերի և մոր հետ կրում են գողգոթա դարձածճանապարհի բոլոր դառնությունները՝ հասնելով Արևելյան Հայաստան:
«Կինը, որի հուշերից պետք է պատմեմ, իմ տատն է (մորս մայրը)՝ Վան քաղաքի Հայոց ձորի Քերծ գյուղից: Նրա անունը Պայծառ էր, ինքն էլ արևի պես պայծառ ու սիրուն, ինչպես արշալույս: Ունեցել է փառահեղ մանկություն: Մեծացել է մեծահարուստ Ճուկլանի գերդաստանում՝ գյուղի ռես Օհաննեսի (կամ Հովհաննեսի) տանը, ուր հաճախ հյուընկալվել է մեծ Զորավար Անդրանիկ փաշան՝ իր խմբով: Վերջինս դեռ կենդանության օրոք դարձել էր լեգենդ, որի վրա սուրը չէր «բանում», որից գնդակը «վախենում էր», որին տեսնելիս թուրքերը «վա՜հ ալլահ» գոչելով թափում էին զենքերն ու փախչում, որը կրակի տարափի տակ ձին քշում էր ուղիղ թշնամու վրա: Այս բոլորը հպարտությամբ պատմում էր տատս և նաև՝ այն, որ երբ մի անգամ իրենց օդայում նա իր «պենջակը խանել է, գյուլլեք թափել են տակ»:
Տատս մի եղբայր է ունեցել Տիգրան անունով, որն ուզեցել է միանալ Զորավարի խմբին: Մայրը՝ տեսնելով, որ տղային հետ պահել չի լինում, չոքել է Զորավարի առաջ և ասել.
-Մազերս ոտքերիդ տակ, փաշա, մի´ տար իմ մինուճարին:
Փաշան անսացել է կնոջ թախանձանքին և արգելել է տղային միանալ խմբին: Ավա՜ղ, հետո մայրը զղջացել է. «Երանի՜ փաշան տաներ»: Մի գիշեր ձին լողացնելու է տարել, ու վարարած գետը երկուսին էլ քշել է:
…Տարբեր լուրեր էին գյուղ հասնում. տարբեր պայմաններում գյուղից պակասում էին մարդիկ, վալին էր կանչում, ու հետ չէին գալիս. պատրաստվում էին գյուղը լքել: Հարևան շրջաններից կոտորածի լուրերը, մեկը մյուսից սարսափազդու, հասնում էին. պատրաստվում էին հեռանալ: 18 հատ հացահատիկի հոր ունեին, փակում են, վրան հող լցնում, անասունը կապում վրան,որ տեղը չերևա, շուն թուրքը չգտնի, մինչև հետ գան ու բացեն: Ավա՜ղ, ամեն ինչ շատ արագ է կատարվում: Դրսում եղող ոչ մի տղամարդ տուն չի վերադառնում:
Գիշեր էր, զարմանալիորեն տան բոլոր թուրք հոտաղները, աշխատողները չկային: Ահը պատել էր մորը՝ տան տիկնոջը, որին բոլորը «խանում» էին ասում: Դուռը զարկեցին, դողացին երեք քույրն ու կպան մորը: Դրսից լսվեց թուրք ծառայի ձայնը՝
-Խանու´մ, մի´ վախեցեք, ես քո ձեռի հացը շատ եմ կերել, չե´մ ուրանա, ինձ հետ եկեք, ձեզ կտանեմ կթաքցնեմ, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու: Դուրս եկան, թաքնվեցին գերեզմանատանը…
Ես չեմ գրի գաղթի ճամփեքի մասին, այն ճանապարհի մասին, որտեղով թուրքն էր անցել:
Սարսափում եմ հիշել անգամ այն գեհենը, որի մասին այնպես ահաբեկված պատմում էր տատս, որպեսզի նրա աչքերը չհիշեմ: Նա ցնցվում էր ամեն անգամ որևէ դեպք հիշելիս: Հսկայական գերդաստանից քչերն են մնում կենդանի, թափառելով միանում են իրենց նմաններին, որոնց Անդրանիկն իր խմբով (տարբեր տեղերից հավաքելով ու կռվելով) ուղեկցում է մինչև փրկություն…
14-15-ամյա աղջիկը քույրերի՝ Անուշ (Դդե), Զարե (Զարիկ) և մոր հետ կրում են գողգոթա դարձած ճանապարհի բոլոր դառնությունները: Մեծ քրոջը, որն անպատմելի գեղեցիկ էր, սիրահարվում է ամերիկյան միսիոներներից մեկը (խաց բաժանողների մեծավորը), խնդրում է ձեռքը. ուրիշ ճար չկար՝ մայրը զիջում է: Ամերիկացին ուզում էր բոլորին իր հետ տանել, սակայն տատս ու մայրը չեն համաձայնվում: Այդ մարդն իր կնոջն ու Զարիկին տանում է իր հետ: Հետո տատս իմանում է, որ Զարիկը ճանապարհին հիվանդացել է, նրան տեղավորել են Կրասնոդարի հիվանդանոցում, իսկ իրենք շարունակել ճանապարհը: Երկար փնտրտուքիից հետո տատս եկող-գնացողից իմացել է Զարիկի մասին, նամակ է ստացել մինչև Մեծ Հայրենականի սկիզբը, որից հետո՝ երկու նամակ և լռություն…
Տատս զրկվում է մորից: Սովն ու հիվանդությունը, հոգու ցավն ու տանջանքը գերեզման են տանում նրան: Կին, որի տանը կշտանում էին մեծ ու փոքր, ծառա ու հոտաղ, մեռնում է սովից: Տատիկս ամուսնանում է Մուշի շրջանի Բլանուղ գյուղից իր նման ճակատագիր ունեցող մեկի հետ և ունենում հինգ երեխա՝ երեք տղա, երկու աղջիկ, որոնցից մեկն իմ մայրն էր:
Մայրս պատմում է, որ երբ առաջին անգամ ռադիոյով հաղորդել են, թե գերմանացին կռիվ է սկսել , տատս ձեռքերը վեր է բարձրացրել ու կանչել.
-Աստվա՜ծ ջան , բան չկա, թող հմեն աշխարհք կռվի, բացի թուրքից, օսմանլուն զուլում ա, զուլում…
Իմ խեղճ տատ, մեռավ՝ աչքը կարոտ Էրգրի ճամփին: «Մկա կերթամ, կկանգնեմ իմ խոր դռան մոտ, մենակ ճամփեք բացվեն»:
Տատս իր մահկանացուն կնքեց 84 տարեկանում (ծննդյան վկայական էին տվել ու գրել՝ 1901թ.): Մեռավ՝ սպասումի ծարավը հոգում: Տանջվում էր, ուզում էր գտնել Ամերիկայում գտնվող քրոջը, նրա ժառանգներին…»:
Աղբյուր՝ ArmenianGenocide100.org