Թուրքերը պապիս պարանոցը կտրել են երեխաների և կնոջ աչքի առաջ
Մանուկ Մինասյանի պատմությունը
1906թ., Կարս
78-ամյա Ալևտինա Մինասյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Ցեղասպանությունը վերապրած իր հոր ու նրա ընտանիքի պատմությունը: Ալևտինայի պապի պարանոցը կտրել են երեխաների և կնոջ աչքի առաջ: Չբավարարվելով դրանով երեխաների մորը փախցրել և տարել են իրենց հետ`վշտացող երեխաներին թողնելով սպանված հոր դիակի մոտ:
«1915թ. պապիկիս` Հարություն Մինասյանի ընտանիքն ապրել է Կարսում: Հայրս եղել է ընտանիքի ավագ որդին: Այդ ժամանակ նա եղել է 9 տարեկան, իսկ քույրերը` 1 և 3 տարեկան: Փախուստի ճանապարհին վրա են հասել թուրքերը` կոտորելով բոլորին: Պապիկիս վիզը կտրել են երեխաների և կնոջ աչքի առաջ: Չբավարարվելով դրանով երեխաների մորը փախցրել և տարել են իրենց հետ` վշտացած երեխաներին թողնելով սպանված հոր դիակի մոտ: Կոտորածից փրկվածների հետ հայրս և քույրերը հասել են Գյումրի, որտեղ նրանց հանձնել են ամերիկյան որբանոց:
Հայրս մեծացել և ամուսնացել է` ունենալով 3 զավակ, ինչպես իր հայրը` 2 աղջիկ և 1 տղա: Ավարտելով բարձրագույն զինվորական հաստատություն Մոսկվայում` 1941թ. նա մեկնել է 2-րդ Համաշխարհային պատերազմ` որպես 15-րդ տանկային դիվիզիայի օպերատիվ պետ, մայորի կոչումով: Զոհվել է հերոսի մահով 35 տարեկան հասակում`արժանանալով իր հոր նույն ճակատագրին և թողնելով մեզ փոքր հասակում»:
Աղբյուր` ArmenianGenocide100.org