20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնացին հայերը. Հռոմի պապ/վիդեո/
Ապրիլի 12-ին, Վատիկանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը ենթարկվել են հայերը՝
իրենց ազգային պատկանելության համար
«Մեր մարդկությունը անցած դարում ապրել է երեք մեծագույն, չլսված ողբերգություն: Առաջինին, որ համընդհանուր ձեւով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, զոհ գնացին հայերը, նաեւ հույներն ու ասորիները: Մյուսը երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն էին»,- ասաց Հռոմի պապը:
Հռոմի պապի խոսքով՝ այս ոճրագործությունը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ ծածկել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի առանց դարման ստանալու:
Հռոմի ֆրանցիսկոս պապը պատարագին ներկա գտնվելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ողջունեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ին: