Երկու խոշոր ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ արդեն գործում են կանոնավոր փոխադրումների չափանիշներով
Հոկտեմբերի 14-ին Բեսլան քաղաքի մոտ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ պետք է խստացնել և կանոնակարգել ուղևորափոխադրումների ոլորտը։
Նախարարի հայտարարությունից անցել է մեկ ամիս: Այդ ընթացքում աշխատանքներ են տարվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի թե՛ կանոնավոր և թե՛ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում ընկերությունները կատարեն իրենց պարտականությունները՝ առաջնությունը տալով ուղևորների անվտանգությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը երեկ նախարարին զեկուցեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երկու խոշոր ընկերություններ՝ «Եվրասիա» և «Բուս վոյաժ» ՍՊ ընկերությունները, համագործակցելով նախարարության հետ, արդեն իսկ իրենց գործունեությունը կազմակերպում են կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
«Նշված ընկերությունները ուղևորափոխադրումներն իրականացնում են Հյուսիսային ավտոկայանից», — նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ավելացնելով, որ չնայած միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և իրականացման կարգի վերաբերյալ օրենքի նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, այդուհանդերձ, այդ երկու ընկերությունները ցանկություն են հայտնել իրենց ուղևորափոխադրումներն իրականացնել կանոնավոր ուղևորափոխադրումների չափանիշներին համապատասխան:
Միաժամանակ նոր նախագծով սահմանվում է, որ ՀՀ-ի հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես ավտոկայարաններից և ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, վարորդների բուժզննումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում՝ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.aysor.am/am/news/2016/11/16/%D4%B5%D6%80%D5%AF%D5%B8%D6%82-%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80-%D5%B8%D5%B9-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B8%D6%82%D5%B2%D6%87%D5%B8%D6%80%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80/1169585