Սոցփաթեթից հանգստի բաղադրիչը կասեցվել է բյուջեի մուտքերի թերհավաքագրման պատճառով. Մանե Թանդիլյան
Պատահական չէ, որ հենց ֆինանսների նախարարությունն է նախաձեռնել պետծառայողների սոցփաթեթից հանգստի բաղադրիչը կասեցնելու գործը, քանի որ նախարարությունը բյուջե մուտքեր ապահովելու խնդիր ունի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ այս տարի պետական բյուջեի մոտ 75 մլրդ դրամի չափով թերհավաքագրում է տեղի ունեցել:
«Ես հաշվարկեցի, թե ինչ գումար է կազմում 152 հազար պետաշխատողի տարեկան 72-հազարական դրամ հատկացնելը: Դո մոտ 11 մլրդ դրամի գումար է, ինչը թերհավաքագրված գումարի 15 տոկոսն է կազմում: Մի քանի այսպիսի կասեցում եւ ամեն ինչ կարգին կլինի, նորից մենք վճարունակ կլինենք, կկարողանանք նոր վարկեր վերցնել: Դրա համար էլ այս նախաձեռնությամբ հանդես չի գալիս սոցապ նախարարությունը, որովհետեւ հասկանում է, որ այն գումարներից օգտվում են ուսուցիչներ, բժիշկներ այլ պետծառայողներ»,-ասաց նա:
Թանդիլյանի խոսքով, ինչպես միշտ մենք պայքարում ենք հետեւանքի դեմ, ոչ թե պատճառի. «Մարդը, որ ամսական 70-80 հազար դրամ է ստանում, պատկերացրեք՝ նրա համար ինչ նշանակություն ունի այդ գումարը կանխիկացնելը, իսկ այն չարաահումները, որոնց մասին բարձրաձայնում ենք, գիտենք, թե ինչպես է տեղի ունենում»:
«Այս կասեցումը բյուջեի խնայողությունների շրջանակում է տեղի ունենում եւ վարչապետը, որ ասում էր պետք է գոտիներս ձգենք, ինչպես միշտ առաջինը ձգում են նրանք, որոնք ամենավատ վիճակում են ապրում: Պաշտոնյաների չարաշահումները չեն կրճատվում, նրանց թանկարժեք մեքենաներն ու տները չեն պակասում, բայց սոցիալական ծանր վիճակում ապրողների գոտիները ձգում են: Ես համոզված եմ, որ պատճառը բացառապես ֆինանսական հարցն է, մուտքերի թերհավաքագրումը: Իսկ հարկերը պակասում են, որովհտեւ մարդիկ հեռանում են երկրից, փակում են իրենց ընկերությունները»,-ընդգծեց Թանդիլյանը:
Նշենք, որ հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը. Խոսքը 2017-2019 թվականների մասին է, այսինքն 2016-ին այդ բաղադրիչը կպահպանվի:
Իր հերթին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնել է. «Ինչպես վարչապետը նշեց, ոչ թե այդ բաղադրիչը հանելու, այլ կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը»: