Պերմյակովի գործով դատավորը կհրապարակի որոշում իր ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ

 

a85af9509e3f5797f18d6c745f711aeb

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը  նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը հուլիսի 12-ին կհրապարակի որոշում իր ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ: Նախորդ՝ հուլիսի 8-ին կայացած դատական նիստը հետաձգվել էր  1 աշխատանքային օրով. այս ընթացքում դատավոր Հարություն Մովսիսյանը որոշում պետք է կայացներ իր ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները՝ փաստարկելով, որ դատավորը կաշկանդված է, ինչի մասին վկայում են մի քանի հանգամանքներ՝ նախ՝ ՀՀ կողմից անցակացվող դատավարությունը ռազմաբազայի տարածքում անցկացնելու վերաբերյալ դատավորի որոշումը, ինչպես նաև Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից նախապես կայացրած որոշումը` քաղհայցի վերաբերյալ, հաջորդ նիստին  չընդունելը: Վերջին  որոշումն, ըստ փաստաբանների ակնհայտ անհիմն է, քանի որ անցած նիստին դատարանը ոչ միայն ընդունել էր քաղհայցի վերաբերյալ որոշումը, այլ նաև ՌԴ-ին ճանաչել քաղհայցվոր, ավելին, 1 ամսով դատը հետաձգել էր՝ հայցը թարգմանելու ու հասցեատիրոջը ներկայացնելու համար, իսկ հունիսի 30-ին արդեն որոշում է՝ չընդունել այդ հայցը: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի այս միջնորդությանը միացան նաև մյուսները՝ ինչպես Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպաններն, այնպես էլ Ավետիսյանների իրավահաջորդները: Դատախազ Գևորգ Գևորգյանն առարկեց, իսկ դատապաշտպան Էդուրադ Աղաջանյանը ձեռնպահ մնաց այս միջնորդությունից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում  նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող- ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն,  այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

 

Աղբյուրը` http://nyut.am/?p=122445&l=am