Կայացել է «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացումը. մասնակցում է 124 պատանի ու աղջիկ
ՀՀ սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հուլիսի 11-ին կայացել է «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 124 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Սիրիայից, Ղազախստանից, Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով մասնավորապես նշել է.
«Սիրելի՛ պատանիներ ու աղջիկներ, բարով եք եկել Հայրենիք, համայն հայության մայրաքաղաք Երեւան եւ Ձեր նախարարություն: Համոզված եմ, որ 14 օրերի ընթացքում դուք կտեսնեք եւ կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին, իսկ ձեզ համար կազմակերպվող հայրենագիտության դասընթացներին ակտիվ մասնակցելով՝ կծանոթանաք հայոց պատմությանը, հայ մշակութային եւ հոգեւոր արժեքներին, կսկսեք առավել վարժ խոսել եւ գրել մայրենի լեզվով»:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության հուշակոթող, թանգարան եւ Եռաբլուր՝ հարգանքի, խոնարհումի այն գլխավոր վայրերը, որտեղ մտնելիս ամեն հայ ապրում է հպարտության եւ ակնածանքի զգացողություն:
«Դուք կլինեք նաեւ հայոց բանակի զորամասերից մեկում, կծանոթանաք մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորների հետ, — ընդգծեց նախարարը՝ հավելելով, — մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեր ծնողներին, որ վստահեցին «Արի տուն» ծրագրին եւ ձեզ ուղարկեցին հայրենիք: Շնորհակալ ենք նաեւ հյուրընկալ ընտանիքներին, որ այնքան սիրով ու հոգատարությամբ են ձեզ պահելու իրենց օջախներում»:
Այնուհետեւ նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց 4-րդ փուլի ամենակրտսեր մասնակցին՝ ԱՄՆ-ից ժամանած 13-ամյա Դավիթ Աբրահամյանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կիպրոսից ժամանած «Նարեկ» վարժարանի սաներին. «Նախարարությունն ամեն տարի հյուրընկալում է նարեկցիներին, ովքեր կարծես ուխտագնացության են գալիս Հայաստան»:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ նախարարին՝ ջերմ ընդունելության, հոգատար վերաբերմունքի համար՝ Կիպրոսի խմբի ղեկավար Վիոլետ Թաշճյանը նշեց. «Նարեկ» վարժարանի սաները մի ողջ տարի անհամբերությամբ եւ կարոտով են սպասել Հայրենիք այցին: Մենք գիտենք, որ Հայաստանից հեռու մեր Հայրենիքը մայրենին է, եւ մեր վարժարանում ամեն ինչ անում ենք երեխաներին հայերենը լավ սովորեցնելու ուղղությամբ»:
Այնուհետեւ արիտունցիների՝ հոտընկայս եւ բարձր ծափողջույնների ներքո հնչեց «Հայկական բանակ» երգը: Մասնակիցներն իրենք էլ սիրով ասմունքեցին եւ կատարեցին հայ ազգագրական եւ ժողովրդական երգեր: