Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող քաղցրակերներն ամեն տարվա հուլիսի 11-ին նշում են Շոկոլադի համաշխարհային օրը, որի հեղինակներն ու առաջին նշողները եղել են ֆրանսիացիները:

 

Ինչպես նշում է telegraf.com.ua-ն, կա տարածված կարծիք, ըստ որի շոկոլադ պատրաստելն առաջինը սովորել են ացտեկները, որոնք այս քաղցրավենիքն անվանում էին «աստվածների ուտելիք»: Ավելի ուշ իսպանացի զավթիչները շոկոլադը տարածեցին Եվրոպայում` այն կնքելով որպես «սև ոսկի» և օգտագործելով ֆիզիկական ուժի ու դիմացկունության ամրապնդման համար:

 

Ի սկզբանե շոկոլադն օգտագործել են միմիայն արիստոկրատները, և միայն 20-րդ դարի սկզբին քաղցրավենիքը դրվել է զանգվածային արտադրության, ինչից հետո այն վայելելու հնարավորություն են ստացել նաև արիստոկրատիայի հետ կապ չունեցող մարդիկ:

 

Հետաքրքրական է, որ քաղցր վայելքի աղբյուր լինելուց զատ, շոկոլադն օգտակար է նաև առողջությանը: Ժամանակակից գիտնականները պարզել են, որ շոկոլադի բաղադրության մեջ կան այնպիսի տարրեր, որոնք բարձրացնում են մարդու տրամադրությունն ու բարձր են պահում օրգանիզմի տոնուսը: Ոմանք էլ պնդում են, որ այն ունի հակաուռուցքային հատկություններ ու դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

 

Ինչ վերաբերում է Շոկոլադի համաշխարհային օրվան, ապա այդ կապակցությամբ աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են ուշագրավ փառատոներ ու միջոցառումներ: Շոկոլադ պատրաստող գործարաններում հայտարարվում է բաց դռների օր, և բոլոր ցանկացողներին պատմում են շոկոլադի պատրաստման գաղտնիքների մասին: Բացի այդ, անցկացվում են տարատեսակ դեգուստացիաներ ու մրցույթներ:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/11/chocolate/2076001