Սեւան տանող մայրուղում բժիշկները հերթապահում են՝ հարկ եղած դեպքում արագ օգնության հասնելու

Սեւանա լճում հանգիստը կազմակերպելու սեզոնը բացված է, ինչը նշանակում է, որ ուրախ ու հաճելի ժամանցը, ցավոք սրտի, երբեմն ավարտվում է անցանկալի կերպով, եւ հաճախակի արձանագրվում են ճանապարհատրանսպորտային պատահարներ: Այդ առիթով առողջապահության նախարարը համապատասխան հրաման է ստորագրել, որի համաձայն՝ շտապ օգնության բուժանձնակազմերը Երեւան-Սեւան ճանապարհին իրականացնելու են հերթապահություն:

Նախարարությունից հայտնում են, որ այդ նախաձեռնության նպատակն է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել պատշաճ եւ արագ: Հերթապահությունը սկսվել է երեկվանից եւ կշարունակվի իրականացվել մինչեւ սեպտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Ուրբաթ օրերին հերթապահություն կիրականացվի ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 08:00-ից 22:00-ը:

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը մանրամասնեց, որ մայրուղում հենակետերի թիվը կլինի 4-ը: Շտապօգնության մեկական բուժանձնակազմ կհերթապահի Աբովյան, Չարենցավան, Հրազդան եւ Սեւան քաղաքների հատվածներում: Աշխատանքներին ներգրավված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապօգնության ծառայությունները:

Նախարարության վարչության պետից տեղեկացանք, որ ամեն մի հենակետում բուժանձնակազմը տվյալ օրն աշխատելու է առանց հերթափոխի: Այսինքն՝ մի օրը 6 ժամ, մյուս օրերին՝ 14: Երեկ աշխատանքային օրվա ավարտի դրությամբ նրանց օգնությանը որեւէ մեկը չէր դիմել: Հավելենք, որ Սեւանի ճանապարհին շտապօգնության ծառայության հերթապահություն սկսել է իրականացվել վերջին մի քանի տարիներին:

 

աղբյուրը` armtimes.com