Միրզախանյանի մեղքերը բացահայտվում են

Եթե դեռ երեկ մենք կարող էինք մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին միայն անուղղակիորեն մեղադրել նույն համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ջուլիետա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու հարցում, ապա այսօր ի հայտ եկած նոր փաստերը թույլ են տալիս ավելի հիմնավորապես քննել ռեկտորի դերակատարությունը ողբերգական ավարտ ունեցած պատմության մեջ:

 

Ինչպես այսօր տեղեկացնում են լրատվամիջոցները, պարզվում է, որ ինքնասպան եղած ուսանողուհին մանկավարժական համալսարանի պետական քննությունից կտրվել է, ստացել է անբավարար գնահատական, որից հետո բողոքարկել է քննության արդյունքները, սակայն նրան թույլ չեն տվել վերահանձնել քննությունը: Այս ամենից հետո Ջուլիետա Կարապետյանի մայրը փորձել է հանդիպել մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ, բայց ապարդյուն. համալսարանի հերթապահ ոստիկաններին հրահանգել են թույլ չտալ ուսանողուհու մորը մուտք գործել կրթօջախ:
Այն, որ Միրզախանյանը կարող է միայն իր տանն արգելել ինչ-որ մեկի մուտքը, իսկ համալսարանում նա պարտավոր է լսել և ընթացք տալ ուսանողների կամ նրանց հարազատների բողոքներին, սա անժխտելի է: Եվ եթե ռեկտորը կամայականություն չդրսևորեր ու մի փոքր էլ մարդ լիներ, գուցե հնարավոր դառնար կանխել դեպքերի ողբերգական ընթացքը: Սակայն սա էլ դեռ բոլորը չէ:
Հայտնի է դարձել նաև, որ վերը նշված պետական քննությունից անբավարար են ստացել 20 ուսանողներից 15-ը: Թե այդ ինչպես է պատահում, որ չորս տարի շարունակ երիտասարդները սովորում, կուրսից կուրս են փոխադրվում և հանկարծ վերջին քննության օրն է միայն պարզվում, որ նրանցից 15-ը վատ են սովորել, այս հարցն առաջին հերթին պիտի հուզեր հենց Ռուբեն Միրզախանյանին, և նա պիտի հասկանար, որ ինչ-որ բան մաքուր չէ: Սակայն չի հուզել: Եվ չի հուզել այն պարզ պատճառով, որ նա բոլորից լավ գիտի կատարվածի պատճառները: Եվ հենց այստեղ էլ պետք է հիշել վարկածն այն մասին, որ դասախոսներն ուսանողներից ավարտական դիպլոմներ ստանալու համար գումար են պահանջել: Այսքանից հետո առանձնապես դժվար բան չէ համադրել հայտնի փաստերը և ստանալ այն պատկերը, որտեղ դերակատարները շատ են, բայց գլխավոր դերը միշտ խաղում է Միրզախանյանը:

 

Աղբյուրը` http://www.shame.am/news/view/62737.html