Առաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից. Գարեգին Բ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ
է հղել մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ-ի ուղերձում մասնավորապես, ասվում է.
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց եւ օրիորդաց մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնանային վերազարթոնքի այս օրերին մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` իրենց անզուգական առաքելության մեջ:
Արդարեւ, կանանց կոչման մեջ վեհագույնը մայրությունն է, որ խարիսխն է ընտանիքի:
Անփոխարինելի է կանանց դերը ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով եւ հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում` լինելով ու մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը մեր կյանքում: Հավասար հնարավորությունների մեր դարում անուրանալի է նաեւ կանանց դերն ու բերած ավանդը գիտության, կրթության, տնտեսության եւ հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառներում` նպաստելով մեր հասարակության բարօրությանն ու զարգացմանը:
Սիրելի մայրեր, քույրեր ու դուստրեր, Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ խնամքի ներքո հարստացնեք մեր կյանքը` լցնելով այն ձեր բարի գործերով, սիրով, հոգատարությամբ ու առաքինի օրինակով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` «առաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից»:
Թող Ամենակալն Աստված շնորհազարդի ձեզ հոգեւոր առաքինություններով եւ պարգեւի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու անսպառ ուրախություն` ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ:
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»: