«Անալիտիկ» ՍՊԸ-ի տնօրենը հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ. պաշտպան
«Անալիտիկ» ՍՊԸ տնօրեն Անի Հովհաննիսյանը դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայցով, որ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված իրավունքը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
«Անի Հովհաննիսյանը հայց է ներկայացրել պատվի և արժանապատվության առնչությամբ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից Ազգային ժողովում Անի Հովհաննիսյանի վերաբերյալ «հանցագործ», «շորթող» նմանօրինակ արտահայտություններ անելու և գրառումներ կատարելու համար»,-ասաց Սիմոնյանը և հայտնեց, որ պատասխանող է ճանաչվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Փաստաբանի նաև կարծիք հայտնեց, որ Անի Հովհաննիսյանի հանդեպ գործողությունները ոտնձգություն են տեղեկատվության ազատության նկատմամբ։
«Անձն իր մասնագիտական գործունեությունները կատարելու համար է հետապնդվում: Այս գործով սկսել են հետաքրքրվել նաև ուկրաինական լրատվամիջոցները, թե արդյոք Անի Հովհաննիսյանի նկատմամբ հետապնդում կսկսվե՞ր, եթե նա չբարձրաձայներ ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի մասին»,-ասաց նա
Լիպարիտ Սիմոնյանը նաև հայտնեց, որ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Անի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու հարցը:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետով և 182-րդի 3-րդ, 2-րդ կետով:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2016թ. ապրիլի կեսերից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում շորթում կատարելու դիտավորությամբ, «Անալիտիկ» ՍՊ ընկերության պատասխանատու Վարդիթեր Գիշյանի հետ հանցանքը համատեղ կատարելու նախնական համաձայնությամբ, սպառնացել են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անձի և ընտանիքի մասին վարկաբեկիչ լուրեր հրապարակել, եթե պատգամավորը յուրաքանչյուր ամիս իրենց չվճարի 300 հազար ՀՀ դրամ:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/29/analitic/2065105