Տիգրան Սարգսյանը և Ալեքսեյ Միլերը քննարկել են ԵԱՏՄ-ում ընդհանուր գազային շուկա ձևավորելու հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Ալեքսեյ Միլերը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը:

Մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները հավանության են արժանացրել ընդհանուր գազային շուկա ձևավորելու կոնցեպցիան:

Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանն առաջարկել է անցկացնել պարբերական հանդիպումներ «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ` ընդհանուր գազային շուկայի ձևավորման գործընթացն առաջ մղելու համար:

 

աղբյուրը`   tert.am