Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 16-ին ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպան Սանգվանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հնդկաստանի դեսպանը շեշտեց, որ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, և պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Սանգվանը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի շուրջ, կարևորեցին բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:

Նախարար Նալբանդյանը Հնդկաստանի դեսպանին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=209098&l=am