Թուրքիան իրեն նույն կերպ է պահում ինչպես վերջերս գործած, այնպես էլ 100 տարի առաջվա հանցագործությունների հետ կապված. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ (տեսանյութ)

Դեռ որքան երկար է Եվրոպան հաշտվելու Թուրքիայի շանտաժի հետ, իսկ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն՝ աչք փակելու իրենց դաշնակցի գործողությունների վրա. այս հարցերն են քննարկվել ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьевым») հաղորդման շրջանակում՝ անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթն առաջացրած Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի ընդունմանը:

 

Խոսելով դեռ անցած տարվա աշնանը թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման դեպքի և դրանից հետո ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին՝ ՌԴ պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ պետք է հասկանալ, որ Թուրքիան իրեն բոլորովին նույն կերպ է պահում ինչպես վերջերս գործած, այնպես էլ 100 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունների հետ կապված:

 

«Ակնհայտ է, որ ամենահեշտ ու ամենախոհեմ քայլը կլիներ ճանաչել այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, ասել, որ դա իսկապես ողբերգություն է, որը ստիպում է շատ բաներ վերաիմաստավորել, և գուցե մի միջազգային համաժողով հրավիրեին՝ քաղաքակիրթ, խաղաղ ելք գտնելու համար: Բայց դրա փոխարեն մենք ի՞նչ ենք լսում, որ դա տեղի չի ունեցել, մինչդեռ մեծ թվով ապացույցներ կան, որ եղել է հայ ժողովրդի զանգվածային ցեղասպանություն»,- ասել է նա:

 

Նա նշել է, որ այսօր բոլորն ականատեսն են լինում նրա, որ այն երկրները, որոնք քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը, կամ առնվազն դիրքորոշում հայտնում, անմիջապես Թուրքիայի իշխանությունների կողմից հարձակման օբյեկտ են դառնում:

 

«Ինչպե՞ս կարելի է ի պատասխան Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում հայ և այլ ժողովուրդների ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ասել՝ «իսկ Գերմանիան պետք է ներողություն խնդրի Հոլոքոստի համար»: Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր վրա է վերցրել և՛ Հոլոքոստի, և՛ այն հանցագործությունների բեռը, որոնք նացիստները գործել են տարբեր ազգությունների պատկանող մարդկանց դեմ: Այդ պատճառով այստեղ դա ցույց է տալիս ոչ թե պարզապես ոչ կառուցողական դիրքորոշումը, այլև թուրքական ղեկավարության ցանկության բացակայությունը»,- ասել է նա:

 

Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հիշեցնում է, որ Գերմանիան բանաձևի ընդունմամբ նաև հայտարարել է, որ այդ ժամանակ դաշնակից է եղել Թուրքիայի հետ և ընդունել է այդ ողբերգությունում իր մեղքի բաժինը:

 

«Ես շատ լավ հասկանում եմ, որ կա «պատմական ճշմարտություն» հասկացությունը… Երբ ձեր ղեկավարությունը (դիմելով հաղորդմանը ներկա թուրք լրագրողին- Խմբ.) համարձակվում է հայտարարել, որ մենք առհասարակ որևէ մեկից ոչ մի բանի համար ներողություն չենք խնդրելու, մեր պատմության մեջ չեն եղել սև բծեր…»,- ասել է Սոլովյովը թուրքական դիրքորոշումը ներկայացնող Ֆուադ Աբասովին:

 

Այդ հատվածը կարող եք դիտել 29։18 րոպեից.

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/06/turkey/2041537