Ինչու են առաջնագծում ծառայում անապահով ընտանիքի երեխաները. պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փաստերի սեփական ընկալում է համարում այն տեսակետը, թե առաջնագծում ծառայում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, և զոհվածների թվում էլ գերակշռում են նրանք:
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին, պարզաբանեց, որ երբ նորակոչիկն անցնում է ծառայության՝ իր ունակությունների համապատասխան ընտրություն է կատարվում, թե որ զորամասում ծառայի:

«Երբ մարդ ունի բարձրագույն կրթություն՝ հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, լեզվաբանության կամ աշխարհագրության մասնագիտությամբ, ինքը միանգամից առաջնագիծ չի գնում, որովհետև բանակում կան մասնագիտություններ: Դիցուք ՝ հրետանին, որի տեսակարար կշիռը կազմում է հետևակի մեկ երկրորդի չափով»,- ասաց նա և օրինակ բերեց, որ հրետանիում պետք է մարդ, ով կարող է արագ մաթեմատիկական հաշվարկ կատարել:
Հարցին, թե այսինքն՝ ապահովվածությունը կրթության հետ եք կապում, ասաց. «Ես չգիտեմ՝ որքան կապ ունի, թե կրթված երեխաները որ ընտանիքից են: Օրինակ՝ ես մաթեմատիկայի և ֆիզիկայի ունակություններով երեխային տանում եմ հրետանի, ավելի բարձրին տանում եմ ՀՕՊ, կամ կապի զորքեր, լեզուների տիրապետող մարդուն տանում եմ ասենք շտաբային ծառայության, վերջում՝ ով այդ հարցերից թույլ է, սակայն ֆիզիկապես ուժեղ է, գնում է  հետևակ, իսկ պատերազմի կանոններն այնպիսին են, որ առաջին գծում հետևակն է կանգնում»,- ասաց  նա:
Դիտարկմանը, թե հարցն այն չէ, թե ինչու են առաջին գծում ոչ բարձրագույն կրթություն ստացածները, այլ այն է, որ անապահով ընտանիքի երեխաներն են առաջնագծում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Դա արդեն դուք եք այդպես մեկնաբանում, իմ ընտրությունը ես ապահովված-չապահովվածով չեմ անում: Հիմա Հայաստանում, եթե այնպես է ստացվում, որ այդ կատեգորիային, որին տանում եմ ՀՕՊ, կապ և այլ ծառայության, ապահովված ընտանիքից են, դա արդեն ես մեղավոր չեմ: Ես չեմ գնում հավաքակայանում կանգնում ու ասում՝ ո՞վ է անապահով ընտանիքից»:
Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքներին հավասարապես օգնություն ցուցաբերելուն, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մասնավորապես պետությունը հավասար է բաժանում օգնությունը: «Նախարարությունը չի կարող տարբերություն դնել 2010 թվականի և 2016 թվականի զոհվածի միջև, օրենքով դա սահմանված է»,- ասաց նա և նշեց, որ խնդիրը հավաքված տասնյակ հազար դոլարները բաշխելն է, և ինքը հորդորել է, որ  կանոնակարգվի այդ գործը և գումարները հավասարապես բաշխվեն:
«Ես մարդկանց չեմ նախատում, ես հորդորում եմ: Ընդ որում՝ մարդիկ մտածում են, որ դա հերթական տարբերակն է,  որ գումարը ձեռքներից վերցնենք, ո՛չ, չենք էլ ուզում այդ գումարը մեզ տաք, մենք ընդամենը ուզում ենք, գաք մեզանից հարցնեք,  ում չի տրվել օգնություն, նրան տրվի»,- ասաց նա:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/25/arcrun-hovhannisyan/2029959