Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ուշադրության կենտրոնում է

Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուշադրության կենտրոնում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն առաջին իսկ պահից մեր ուշադրության կենտրոնում է: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան կառույցներին` պահանջելով, պարզաբանում, ինչպես նաև այն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Դա Եվրոպայի առաջնություն էր, ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին հարվածել մահակներով»,- ասաց դեսպանը: Նա նշեց, որ երբ մեր հավաքականը մեկնում էր Երևան, այնպես էր ստացվել, որ օդանավակայանում էր նաև Ադրբեջանի հավաքականը: Ադրբեջանի պատվիրակությունը ներողություն էր խնդրել հայ մազիկներից:
Ինչ վերաբերում է մայիսի 16-ին հայերի և ադրբեջանցների միջև տեղի ունեցած բախմանը, ապա դեսպանը նշեց, որ այս դեպքը նույնպես իրենց ուշադրության կենտրոնում է: «Ես զրուցել եմ համապատասխան մարմինների ղեկավարների հետ, իրավապահների հետ կապի մեջ եմ, որպեսզի անվտանգության միջոցառումները խստացվեն: Սպասում ենք հետագա քայլերի: Այս լարվածության պահն անհանգստացնում է, բազմաթիվ գյուղերում, քաղաքներում հայեր և ադրբեջանցիներ են ապրում: Ամեն ինչ անում ենք, որ խնդիրը չխորանա»,-ավելացրեց դեսպանը:
Հիշեցնենք, որ ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա: Հայ և ադրբեջանցի մարզիկների միջև ընթացող մենամարտերից մեկի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին: Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել: Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/18/lvov/2023721