Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից երկուսը. Արզումանյան
Չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր վրա ստանձնած պարտավորությունները, ինչպես եւ չի հարգել 1994-95 թթ. զինադադարը: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքներին:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպման փաստը ինքնին կարեւոր է: «Կարեւոր է նաեւ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միասնական հայտարարեց, որ պետք է բացառել ռազմական լուծումը եւ պնդումը, որ կողմերը պետք է վերադառնան 94-95-ի հրադադարի մասին եռակողմ պայմանագրին»,- ասաց Արզումանյանն ու հավելեց. «Նաեւ խոսվեց այն մասին, որ կողմերը համաձայնել են միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը, ինչի մասին Հայաստանը բազմիցս հայտարարել է, իսկ Ադրբեջանը հրաժարվել: Այդ առումով կարելի է ասել դրական ֆոն է ստեղծվում հնարավոր բանակցությունների վերսկսման համար»:
Արզումանյանը նկատեց, որ հայկական կողմին սա տալիս է նաեւ հնարավորություն դադար վերցնելու եւ զբաղվելու բանակաշինությամբ, դասեր քաղելու այն բացթողումներից, որ մենք ունեցել ենք, հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատժել, սպառազինությամբ զբաղվել լրջագույնս: «Ինչպես նաեւ պետք է ներքաղաքական կյանքում կատարել ռեալ ռեֆորմներ, ինչը կբացառի կոռուպցիոն դրսեւորումները՝ հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրի համար»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նախկին արտգործնախարարի` Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած ռազմական գործողության վերսկսման, բայց դրա հետ մեկտեղ չպետք է խուսափի բանակցություններից: «Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ինչպես չի հարգել 94-ի զինադադարի պայմանագիրը: Բայց այս անգամ կա եռանախագահների միահամուռ հորդորն ու պահանջը, եթե մեխանիզմներ ներդրվեն, արդեն հասցեական հայտարարություններ կլինեն: Արզումանյանի խոսքով` Հայաստանի երեք նախապայմաններից երկուսը վերահաստատվել են: Մեկ նախապայման չի ընդունվել, որն ավելի շատ հռետորական է. «Հասցեական հայտարարություններ բացառված է, որ միջնորդներից որեւէ մեկն անի, դա աքսիոմա է: Մենք ավելի շուտ պետք է ակնկալենք հասցեական հայտարարություններ մեր բարեկամ երկրների կողմից»,- ասաց Արզումանյանը: Նա նշեց, որ Հայաստանը՝ որպես երկիր երկու բան պետք է անի՝ ունենալ ադեկվատ բանակ, որը կպատասխանի եւ եթե պետք լինի, կպատժի նախահարձակ կողմին եւ չխուսափել բանակցություններից, որովհետեւ մենք բանակցություններից վախենալու որեւէ բան չունենք:
Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում կայացած բազմակողմ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ: Առաջինը՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդը՝ հասցեական հայտարարություններ եւ երրորդը՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: