Ընտրական օրենսգրքի նախագծի ներկա տարբերակը խիստ անընդունելի է. հայտարարություն
Ազգային ժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի նախագծի ներկայիս տարբերակը, որն անցել է առաջին ընթերցումը, մեր կարծիքով խիստ անընդունելի է: Այս մասին հայտարարություն են տարածել 9 հասարակական կազմակերպություններ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մասնակցելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերլուծություններին, պատրաստելով այլընտրանքային առաջարկներ եւ լուծումներ, եւ մեր ներկայացուցիչներին լիազորելով` մասնակցելու «4+4+4» ձեւաչափով քննարկումներին, հրապարակում ենք սույն հայտարարությունը՝ նախքան Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը: Սույն հայտարարությունն անում ենք` ծանոթացած լինելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությանը, որում արտահայտված մտահոգությունները նույնն են, ինչ` մեր կողմից ներկայացվածները:
Ազգային ժողով ուղարկված նախագծի ներկայիս տարբերակը, որն անցել է առաջին ընթերցումը, մեր կարծիքով խիստ անընդունելի է: Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը համակարծիք է մեր այն գնահատականին, որ Նախագիծը չի համապատասխանում միջազգային չափանիշներին եւ նորմերին թե՜ քվեարկության անաչառությունն ապահովելու, թե՜ իսկապես ներկայացուցչական, ժողովրդավարական խորհրդարան ձեւավորելու առումներով:
Վենետիկի հանձնաժողովը եւ ԺՀՄԻԳ-ն իրենց համատեղ եզրակացության մեջ առաջարկություններ են ներկայացրել Նախագծի խնդրահարույց դրույթների մեծ մասի վերաբերյալ: Ներկայացվել են նաեւ այն նվազագույն առաջարկները, որոնք անհրաժեշտ են Նախագիծը գոհացուցիչ մակարդակի հասցնելու համար:
Թեպետ Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը Նախագծում առկա ոչ բոլոր խնդրահարույց կետերին է անդրադառնում, մենք իշխանություններին եւ Ազգային ժողովին կոչ ենք անում` կատարել Եզրակացությամբ առաջարկված փոփոխությունները:
Հատկապես պնդում ենք, որ կարեւոր են Եզրակացության 14-րդ եւ 15-րդ կետերում արված առաջարկությունները:
Մեր կողմից ավելի վաղ արված առաջարկություններին համընկնող բոլոր այդ առաջարկությունները չիրագործելը մեր կողմից կհամարվի ընտրական գործընթացի որակը եւ ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու` հասարակության եւ միջազգային հանրության պահանջին ականջալուր չլինելու ափսոսալի դրսեւորում:
Օգտագործելով առիթը` վերահաստատում ենք մեր այն կարծիքը, որ ընտրական գործընթացի արժանահավատությունը եւ որակը փոխելու իրական ներուժ է պարունակում յուրաքանչյուր տեղամասում արդյունքների ամփոփումից անմիջապես հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու վերաբերյալ դրույթը:
Հայտարարությունը բաց է միանալու համար`
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
ՄԻՊ «Իրավագետ սերունդ» ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն — Հայաստան