Ամեն ինչ չէ, որ դուք պետք է իմանաք. Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց վերջին պաշտոնանկությունները
Պաշտպանության նախարարությունը չի կարող մեկնաբանել վերջին պաշտոնանկությունների պատճառը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պաշտպանության նախարարության կողմից երբեք էլ չեք ստանալու պարզաբանում այս մասով, որովհետև զինվորականներն իրավունք չունեն պաշտոնանկությունների, նշանակումների մասին մեկնաբանություններ տալ»,- նշեց Հովհաննիսյանը:
Այնուամենայնիվ, լրագրողները հարցրին՝ արդյոք պաշտոնանկությունները նշանակում են, որ հետախուզության ոլորտում թերություններ են եղել, նախարարի խոսնակը նշեց, որ այդ թեմայով մեկնաբանություն տվել են շատ ավելի բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ գերագույն գլխավոր հրամանատարը:
Ինչ վերաբերում է պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ-ում չկան կապի համապատասխան միջոցներ, գիշերային տեսողության սարքավորումներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մոտ երեք-չորս տարի է զորքերը համալրվում են տարեկան հարյուրավոր գիշերային տեսադիտման սարքերով: Դրանց սերնդափոխությունն է իրականացվում: Երկու տարում առաջին սերնդի ջերմադիտակից հասել են 2+ ջերմադիտակի: Դա կատարելության աստիճան չունեցող գործընթաց է, ամենօրյա է, ու որևէ մեկի հայտարարության հետ կապ չունի: Ես չեմ կարող ասել, որ մեր պահանջարկի բոլոր հարցերը իդեալական վիճակում են, բայց ասել, որ մեկի հայտարարությունից կամ քննադատությունից հետո են միջոցներ ձեռք բերել, առնվազն ծիծաղելի է»:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնց աշխատանքից ազատման կամ նշանակման վերաբերյալ ինքն իրավունք չունի մեկնաբանություն տալու: «Ես իրավասու չեմ: Դա զինվորական կառույց է, ամեն ինչ չի, որ դուք պետք է իմանաք՝ մանավանդ այս վիճակում»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/03/artsrun-hovhannisyan/2009415