Հայկ Մելքումյանը՝ թշնամու տանկը խոցած 19-ամյա զինվորը
Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժին մարդկային, նյութական մեծ վնաս հասցրած ու սխրանքներ գործած հայ զինվորականներից շատերը երիտասարդ էին՝ շարքային զինվորներ, որոնք պատվով կարողացան կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:
Նրանցից մեկը 19-ամյա զինծառայող Հայկ Մելքումյանն է, որն Արցախի հարավում տեղակայված հենակետերից մեկում Մեդիամաքսի թղթակցին պատմել է, թե ինչպես խոցեց հակառակորդի տանկն ու ինչ փոխեց ապրիլյան պատերազմը նրա կյանքում:
***
Արդեն 15 ամիս է՝ ծառայում եմ: Ապրիլի 4-ին հակառակորդը տասից ավելի տանկերով շարժվում էր մեր ուղղությամբ: Ընկերս՝ Մարատ Պետրոսյանը, արդեն հասցրել էր երկու տանկ խոցել: Հետո անձրեւ սկսվեց, ցուրտ էր: Տարածքը, որտեղ մենք էինք, դիպուկահարների նշանառության տակ էր, Մարատը չթողեց ինձ գնամ բաճկոն բերելու, ինքը գնաց: Այդ ընթացքում տանկերը շարժվում էին դեպի մեզ: Որոշեցի՝ կրակում եմ: Հակատանկային համակարգով՝ ֆագոտով, խփեցի թշնամու մի տանկը: Այն շարքից դուրս եկավ երկրորդ արկից:
Հորեղբայրս՝ միավորման հրամանատարի տեղակալը, դիրքում էր, այդ ընթացքում կապի միջոցով ինձ ուղղություն տվեց, որի դեպքում սխալվել չէի կարող:
***
Ծննունդով Ստեփանակերտից եմ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի եւ ռազմագիտության բաժինը: Սիրում եմ իմ մասնագիտությունը, բայց այս պատերազմը տեսնելուց հետո ավելի շատ սիրեցի այն:
Երբ զգում ես, որ մի փոքր հարցով կարողանում ես հայրենիքիդ, քո ժողովրդին օգուտ տալ, ավելի ես պարտավորվում:
Հիմա կյանքին միանգամայն այլ աչքերով եմ նայում: Ճիշտ է, շատ ժամանակ չեմ ունեցել հասկանալու՝ ինչ կատարվեց այդ օրերի ընթացքում, բայց զգում եմ՝ շուրջս ամեն ինչ փոխվել է, ես եմ փոխվել: «Ազգ», «հայրենիք», «խաղաղություն», «ընկերություն» բառերի նշանակությունն է փոխվել ու վերաիմաստավորվել, «թշնամի» բառի իմաստն ամբողջությամբ եմ հասկացել:
***
Մեծ բան չեմ արել, բայց հպարտ եմ արածիս համար, հպարտ եմ, որ կողքիս նվիրված ու քաջ ընկերներ ունեմ: Պատերազմում վախը երկրորդ-երրորդական մի բան է դառնում, որը չես էլ զգում: Պայքարի անբացատրելի ուժ է արթնանում մեջդ, որը քեզ միայն առաջ է մղում:
Միակ զգացումը, որն ինձ ու ընկերներիս չի լքել ամբողջ պատերազմի ընթացքում ու երբեք էլ չի լքի՝ մեր հողն ամեն գնով պահելն է. սա մեր պապերի հողն է, այս հողին մեր հերոսների արյունն ու հաղթած զինվորի ուրախության արցունքն է խառնվել, թշնամին այս հողին չպետք է մոտենա:
Աղբյուրը` http://www.mediamax.am/am/news/karabakh/18111/#sthash.JxGaljrA.dpuf