Չարենցավանցիները չմնացին նախարարության հույսին, լուծեցին իրենց տրանսպորտի խնդիրը

Վաղվանից կվերականգնվի Չարենցավան-Երեւան երթուղով երթեւեկությունը, սակայն ոչ թե Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող ավտոբուսներով, այլ չարենցավանցիների անձնական գազելներով:

Չարենցավանցի գործարար Գեւորգ Հակոբյանը մեզ փոխանցելով այս տեղեկատվությունը՝ իր մտահոգությունը արտահայտեց Տրանսպորտի նախարարության աշխատանքի կապակցությամբ. «Արդեն քանի շաբաթ է՝ մեզ մոտ երթուղային չկա դեպի Երեւան գնացող: Ուսանողները, Երեւանում աշխատողները մնացել էին տաքսիների հույսին: Իսկ տաքսիները, ի տարբերություն ավտոբուսների, ոչ թե 350 դրամով են Երեւան տեղափոխում, այլ 500: Գագիկ Ծառուկյանը պիտի առներ երթուղին, հետո պարզվեց չի առնում: Ու քանի որ Տրանսպորտի նախարարությունը տեղից չշարժվեց՝ մենք որոշեցինք մի տարբերակ մտածել ու առաջարկել քաղաքապետին: 7 չարենցավանցիներ, որոնք սեփական գազելներ ունեն՝ առաջարկեցին ուղեւորափոխադրումներ իրականացնել Չարենցավան-Երեւան երթուղով՝ մինչեւ խնդրի լուծումը: Այսօր հանդիպում են ունեցել քաղաքապետարանում եւ, որքանով որ տեղյակ եմ, հարցին լուծում է տրվել»,- ասաց Հակոբյանը:

Վարորդների հետ հանդիպման եւ խնդրի վերաբերյալ զարգացման մասին մեր հարցերին պատասխանեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը.

- Մենք տարբերակ ունեինք՝ մինչեւ երթուղու աճուրդի մրցույթ հայտարարելը կամ նոր սեփականատիրոջ հայտնվելը մեր նախաձեռնությամբ դիմել Տրանսպորտի եւ կապի նախարարություն, իրենց համաձայնությունը ստանալ, համապատասխան մեքենաներ գտնվել եւ սպասարկել Չարենցավան-Երեւան երթուղին: Քանի որ վարորդները դիմեցին՝ ես կապ հաստատեցի Տրանսպորտի նախարարության տրանսպորտային տեսչության պետ Արման Միրիջանյանի հետ եւ ասացի, որ քանի որ իրավիճակը անորորշ է եւ կարող է երկար ժամանակ տեւել նոր շահագործող գտնելու գործընթացը, մենք կարող ենք ժամանակավոր տարբերակ առաջարկել: Ասացի, որ կան գազելներ, որոնք կիրականացնեն Չարենցավան-Երեւան երթեւեկությունը: Խնդրեցի որ ընդառաջ գնան, որ գոնե չարենցավանցիները կարողանան այս ժամանակահատվածում երթեւեկել՝ մինչեւ խնդիրը լուծվի: Իրենք իրենց մասնագետներին մեկ ժամվա ընթացքում ուղարկեցին, մենք էլ մեր վարորդներին հավաքեցինք քաղաքապետարանի դիմացի հրապարակում եւ վարորդների ու մեքենաների փաստաթղթերը ստուգելուց եւ վարորդներից հետո զրուցելուց հետո համաձայնության եկան, որ վաղվանից իրենց մեքենաներով 7 մեքենա Չարենցավան-Երեւան երթուղում երթեւեկությունը իրականացնեն:

- Պարոն Շահգալդյան, չարենցավանցիների համար դա ընդունելի՞ տարբերակ է: Գները նո՞ւյնը կլինեն:

- Գները նույնը կլինեն, բայց մեզ համար ցանկալի կլիներ, որ ավտոբուսներ լինեին, լիներ նույն սպասարկումը, ինչպես այն ժամանակ է, բայց ամեն ինչ չի, որ մեր ուզելով է:

Հիշեցնենք, որ Չարենցավան-Երեւան եւ Աբովյան-Երեւան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ընկերությունը սնանկացել է, ընկերության ավտոբուսները եւ մնացած գույքը բանկերը առգրավել են: Տեղեկություններ կային, որ գագիկ Ծառուկայնը ցանկանում է գնել երթուղիները, սակայն պարզվեց՝ նա վերջին պահին հրաժարվել է գործարքից:

 

 

Աղբյուրը` armtimes.com