Հրազդանի քաղաքապետի թեկնածուն անձամբ է զբաղվում իր PR-ով

2 օր առաջ կեսգիշերին Գագիկ Աթասյան անունով օգտատիրոջից անձնական նամակ ստացա, որտեղ նկար էր՝ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածուներով և կից գրություն՝ «Հարգելի հրազդանցիներ, քանի որ դժգոհ ենք Հրազդան քաղաքի ներկայիս և անցյալ վիճակից, ժամանակն է կատարելու նոր ընտրություն» բովանդակությամբ: Համաձայնեք, ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել սեփական PR-ով անձամբ զբաղվող քաղաքապետի թեկնածուի: Սա, իհարկե, ողջունելի քայլ է, սակայն պաստառն ու գրությունը բավականին սիրողական մակարդակով էին սարքված, ոչ մասնագետի ձեռքով, որոշեցի մի քանի հարց ուղղել պարոն Աթասյանին: Զրույցը վերածվեց հարցազրույցի, ինչին պարոն Աթասյանը սիրով համաձայնեց:

-Պարոն Աթասյան, ողջունելի է, որ անձամբ եք զբաղվում ձեր PR-ով, պաստա՞ռն էլ եք դուք պատրաստել

-Շնորհակալ եմ, ոչ ես չեմ պատրաստել:

-Իսկ սեփական PR-ով անձամբ զբաղվելու պատճառը ո՞րն է. գուցե չե՞ք վստահում այլ մարդու, թե՞ ուղղակի գումար եք խնայում:

-Վստահում եմ մարդկանց, ինձ համար առաջին տեղում մարդն է, իսկ դա ուղղակի տեղեկատվություն է թեկնածություն դնելու մասին:

-Իսկ շատերի՞ն եք ուղարկում այդ տեղեկատվությունը: Նշել եք, որ դժգոհ եք Հրազդանի անցյալ ու ներկա վիճակից, դժգոհելու համար հստակ ինչ-որ պատճառ կնշե՞ք

-Աշխատատեղերի բացակայություն, քաղաքի վիճակն է անբարեկարգ, Հրազդանի քաղաքացին իրավունք ունի արժանապատիվ ապրելու, ու կան հնարավորություններ՝ խնդիրներին լուծում տալու, պարզապես պետք է բարի կամք:

-Չե՞ք կարծում, որ արժանապատիվ ապրելու հնարավորության մասին խոստումները շաբլոն են դարձել, բոլոր քաղաքապետերի թեկնածուները միևնույն խոստումն են տալիս, գուցե փորձեք տարբերվե՞լ կամ ինչպե՞ս եք տեսնում, ասենք աշխատատեղերով ապահովելու խնդրի լուծումը, գործարաննե՞ր եք բացելու:

-Ընտրվելու դեպքում քաղաքում կզարգացնեմ տուրիզմը, միջոցներ կձեռնարկեմ աշխատատեղերի բացման համար, էականն այն է, որ հրազդանցին աշխատանք ունենա:

-Իսկ ըստ ձեզ՝ ի՞նչն է խանգարել ներկայիս քաղաքապետին՝ այդ հարցերը լուծելու համար, համոզված եմ, նախքան ընտրվելը նա էլ գրեթե նույն տեքստով է խոստումներ տվել

-Այս խոսքերն իմ սրտից են բխում, ես ներդրողների համար բարենպաստ պայմաններ եմ ստեղծելու, որպեսզի ներդրումներ անեն ու աշխատատեղեր բացվեն: Քաղաքապետի խոստումներից տեղյակ չեմ, բայց այսօրվա մեր քաղաքի բյուջեն բովանդակային առումով բավարար է առաջնային խնդիրներին լուծում տալու համար:

-Օրինակ, ըստ ձեզ, ինչո՞ւ պետք է հրազդանցին ձեզ ընտրի. նույն խոստումներն են, նույն տեքստերը, ինչպե՞ս եք շահելու ընտրողների սրտերը, ինչպե՞ս եք համոզելու նրանց, որ ձեզ ընտրեն

-Հրազդանցիներն ինձ գիտեն մանկուց, ես անկուսակցական եմ ու ներկայացնելու եմ հրազդանցիների շահերը, ոչ թե՝ կուսակցության՝ ինչպես միշտ, պայքարելու եմ մարդկանց իրավունքների համար, առաջին հայացքից անհնարին թվացող խնդիրների լուծման համար, հասնելու եմ արդարության՝ հանուն բոլորի շահերի: Հրազդանի քաղաքացին համարձակ է, անցյալն ու ներկան տեսել է, հիմա կընտրի ապագան, ոչ թե դեգրադացիայի ճանապարհը: Ես ուղիղ եթերներով ազատ զրուցելու եմ, պատասխանելու եմ ընտրողներին հուզող հարցերին: Երբ վերջնական պարզ լինեն թեկնածուները, հրավիրելու եմ ուղիղ եթերով բանավեճի:

-Հաղորդագրությունը, որ զրույցի պատճառ դարձավ, շատերի՞ն եք ուղարկում: Եթե դուք քաղաքապետի թեկնածություն չդնեիք, ու՞մ կընտրեիք այլ թեկնածուներից, ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա

-Իմ էջով միշտ չէ, որ ես եմ մտնում, չգիտեմ ում ուղարկած կլինեն: Եթե թեկնածությունս չդնեի, այս պահին չեմ կարող ասել, թե ձայնս ում կտայի, բայց 20 տարուց ավել ճանաչում եմ Սասուն Միքայելյանին, Արամ Դանիելյանին, ամեն մեկի հանդեպ յուրահատուկ հարգանք ունեմ, ուրախ եմ, որ Արթուր Միսակյանն էլ է թեկնածություն դրել, հարգում եմ նրան էլ: Լավ է, որ այս անգամ այլընտրանք կա: Ես աշխատել եմ կինոարտադրությունում, 15 տարի ունեցել եմ իմ երաժշտական ստուդիան Հրազդանում:

Վերջում Գագիկ Աթասյանն հավելեց, որ 2011 թվականին Իրավաբանների ասոցիացիայի կողմից ստացել է տարվա մարդ տիտղոսը:

Հ. Գ. Ի դեպ, մեր աչքից չէր կարող վրիպել ֆեյսբուքում տեղադրված այս լուսանկարի տակ առկա մեկնաբանությունը, որով օգտատերերից մեկը հետաքրքրվում էր, թե ճի՞շտ է արդյոք, որ թեկնածուի կոստյումը Սերժ Սարգսյանի նվերն է, իսկ քաղաքապետի ապագա թեկնածուն նրան պատասխանել է, որ կոստյումը, իսկապես, նվեր է՝ առանց մանրամասնելու, թե ում կողմից:

 

 

 

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=104722&l=am/