ՀՎԿ կառավարման խորհուրդը որոշեց. Մասնակցել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին և առաջադրել Արթուր Միսակյանի թեկնածությունը
Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր:
Կառավարման խորհուրդը միաձայն որոշում է կայացրել մասնակցել Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ և կուսակցության Կոտայքի մարզի համակարգող նախագահ Արթուր Միսակյանին:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր հանձնառությունն է արտահայտում Հրազդանի` որպես հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկի, քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու գործում` այս հարցով համագործակցության կոչ անելով խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին:
Կուսակցությունը դիմում է նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և անհատներին` իրենց ակտիվ մասնակցությամբ ապահովել ընտրությունների ազատ ու արդար անցկացումը:
Նիստում նաև քննարկվել է «Հայկական վերածննդին» միացած Հասարակական Կազմակերպությունների հետ հետագա համագործակցության ձևաչափին վերաբերյալ հարցեր: Ըստ այդմ, որոշվել է Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ ստեղծել Հայկական վերածնունդ քաղաքացիական համագործակցության պլատֆորմ, որի կառավարման և կառուցվածքային մարմինները կձևավորվեն երկշաբաթյա ժամկետում:
«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր
Աղբյուրը` http://hartak.am/arm/n-55452#sthash.EEegzdss.dpuf%D5%80%D5%8E%D4%BF