ԵՄ-ի և ՀՀ–ի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է և՛ երկկողմ հարաբերությունների, և՛ տարածաշրջանի համար. Ֆեդերիկա Մոգերինի
Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի համար:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է արվել Հայաստան — Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին:
Արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կողմերն անդրադարձել են համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսությանը, շարժունակությանը, մարդու իրավունքներին, տնտեսական բարեփոխումներին, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնել է Եվրոպական միությանը՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին հիմնադրումից ի վեր ցուցաբերվող կարևոր աջակցության համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորության շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միգրացիոն ճգնաժամին և փախստականների հոսքերին։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականներ. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը արժևորում է այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։
Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրականացումը։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Կողմերը համակարծիք են եղել, որ իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է հետևողական ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/03/01/Federika/1948735